22.12.2008 | 
Ուսանողական, Գիտություն, Հասարակություն
ԶՈՐԱՎԱՐ ՈՒ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՆԺԴԵՀԸ
ԶՈՐԱՎԱՐ ՈՒ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՆԺԴԵՀԸ
«Նա երկու դատավոր էր ճանաչում` Աստված եւ հայ ժողովուրդը»:

Այսպես էլ ամբողջ կյանքում հայրենիքին ծառայեց Գարեգին Նժդեհը: Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը (1886-1955) հայ պետական, ռազմական գործիչ է եւ քաղաքագետ-իմաստասեր: Լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին` որպես զորավար ու պետական գործիչ, ապա որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով։

 

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, ում մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը, և ով իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը։ Գարեգին Նժդեհի առեղծվածային եւ հայրենանվեր կերպարը խորությամբ ճանաչելու, նրա մասին խոսելու եւ իմանալու համար այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը միջոցառում էր կազմակերպել: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գեւորգ Մելքոնյանը վստահեցրեց, որ իրենց ուշադրությունը մշտապես սեւեռված է հայրենասիրությանը, նրա օրինակով այսօրվա սերունդը դաստիարակելու նպատակին:

 

«Մշակութային, հասարակական, քաղաքական, պատմական եւ պետական գործիչների գործունեության մասին տեղեկություններ հաղորդելը, պատմելը մեր ֆակուլտետում արդեն յուրօրինակ ավանդույթ է դարձել: Կարծում եմ` այն, ինչ տեղի է ունենում այսօր, ունի նաեւ դաստիարակչական նշանակություն. հիշել մեր նվիրյալներին, այն արժանի մարդկանց, ովքեր դարձան հայ հոգեբանության կերտողները»,- ներկաներին ողջունեց պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը:

 

Գարեգին Նժդեհին նվիրված ուսանողական միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դասախոս Արմեն Սարգսյանը, ԵՊՀ եւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մի քանի ուսանողներ: «Թեեւ շատերն ուզում են մեղադրել Նժդեհին եւ Դրաստամատ Կանայանին` 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստների հետ համագործակցության համար, սակայն նրանց հաջողվեց կատարել ամենակարեւորը` գերմանական դիկտատով հնարավոր եղավ արգելակել Թուրքիայի հարձակումը Խորհրդային Հայաստանի վրա, որը կարող էր կործանարար լինել հայ ժողովրդի համար:

 

Կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչ էր սպասում հայ ժողովրդին, եթե հանկարծ գերմանացիները հաղթեին պատերազմում»,- բացատրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը: Ու չնայած մեծ զորավարը զերծ չէր ինչ-ինչ թուլություններից (նույնիսկ ռազմական պայմաններում նա պիտի ամենալավ, մաքուր անկողնում քներ), բայց միեւնույն ժամանակ նա եզակի կարողություն ուներ` իր հետեւից տանել մարդկանց: «Նա մի մարդ էր, ով պետության եւ հայ ժողովրդի առաջ որեւէ մեղք չի գործել, եւ նույնիսկ երբ ձերբակալվեց խորհրդային բանակի կողմից, մինչեւ կյանքի վերջին պահն էլ իրեն արժանապատիվ պահեց»,- ասաց Բաբկեն Հարությունյանը:

Այլ նորություններ
«ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅՆ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հաղթող է ճանաչվել «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգում: Պարոն Մելքոնյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մանկավարժական գործունեության հետաքրքիր կողմերի ու դժվարությունների մասին:
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՂԱՐԻԲՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Մայիսի 25-ին լրանում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Գ. Ղարիբյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը: