02.09.2022 | 
Կրթություն
ԵՊՀ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ լուսահոգի պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանի որդու՝ Արմեն Սաքապետոյանի ֆինանսավորմամբ վերանորոգվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը։ Այսօր ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ամբիոնը ներկայացվեց վերանորոգված տեսքով։

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Սաքապետոյանների ընտանիքը, Ռուբեն Սաքապետոյանի երբեմնի ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։

 

Ֆակուլտետի դեկան, բ․գ․դ․, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը ողջունեց ներկաներին՝ երջանկահիշատակ գործընկերոջ՝ ԵՊՀ պրոֆեսոր, բ․գ․դ․ Ռուբեն Սաքապետոյանի գիտամանկավարժական գործունեությունը ներկայացնելով և մեկ անգամ ևս  հայագիտության զարգացման գործում գիտնականի ունեցած դերն ընդգծելով:

 

 

«Սաքապետոյան ընտանիքի նախաձեռնությունն անչափ ոգևորիչ է։ Ռուբեն Սաքապետոյանը մեր լավագույն պրոֆեսորներից ու մանկավարժներից էր, որ հար ներկա է լինելու՝ որպես ոգեղեն ու գիտական արժեք»,- ասաց դեկանը։

 

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից շնորհակալություն հայտնելով Սաքապետոյանների ընտանիքին՝ Ա․ Ավագյանը նշեց, որ ամբիոնի վերանորոգման համար կատարված նվիրատվությունը ոչ միայն  նյութական, այլև ոգեղեն արժեք ունի։

 

Անդրադառնալով սերունդների կրթության գործում Ռ․ Սաքապետոյանի և նրա թողած գիտական գրականության դերին՝ դեկանը նշեց․ «Մեր ուսանողները շարունակում են ընթերցել նրա գրքերը, դրանցով մասնագիտանալ, իսկ մեր գիտնականները, լեզվաբանները շարունակում են Ռ․ Սաքապետոյանի գրքերով զարգացնել գիտությունը։ Այստեղ ներկա են կա՛մ գիտնականի ընկերները, կա՛մ ուսանողները, կա՛մ այն սերունդները, որոնք պիտի կրթվեն նրա թողած գրական ժառանգությամբ։

 

 

Դեկանը նշեց նաև, որ ամբիոնի բարեկարգման աշխատանքներում մեծ է ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանի դերը։

 

ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով Արմեն Սաքապետոյանին և նրա ընտանիքի անդամներին, ընդգծեց, որ ամբիոնի վերանորոգման նախաձեռնությունը եղել է Արմեն Սաքապետոյանինը։ Վերջինս ցանկացել է հոր հիշատակին նվիրված որևէ գործ կատարել Մայր բուհի մայր ֆակուլտետի համար։

 

 

«Արմեն Սաքապետոյանը՝ Սաքապետոյան շառավիղի շարունակողը, հայրենանվեր շատ գործեր է արել։ Ռուբեն Սաքապետոյանի որդիները շարունակում են  իրենց գործունեությունը՝ լցված ամենայն պատասխանատվությամբ իրենց հոր նկատմամբ։  Սա ոչ թե հերթական բարեգործություն էր, այլ սրտից բխած գործ՝ սեփական նախաձեռնությամբ»,- ասաց Ա․ Աբաջյանը։

 

 

Ամփոփելով խոսքը՝ պրոֆեսորը տեղեկացրեց, որ Սաքապետոյանների ընտանիքը նվիրաբերել է նաև Ռ․ Սաքապետոյանի գրականության մի շարք օրինակներ, որոնցից կարող են օգտվել ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները։

 

 

Շնորհակալություն հայտնելով ներկաներին իր հոր՝ Ռ․ Սաքապետոյանի մասին գովասանքի խոսքեր ասելու համար՝ «Մեղրիի զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը նշեց, որ սա ամենափոքր քայլն էր՝ ուղղված հայագիտության զարգացմանը:

 

 

Անդրադառնալով ԵՊՀ-ի հետ համագործակցության շարունակությանը՝ Ա․ Սաքապետոյանը նշեց․ «Սկսում ենք փոքր քայլերից, և շարունակելու ենք մեր գործունեությունը՝ ի  շահ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի։ Համաձայն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման՝ նախատեսվում է սահմանել կրթաթոշակ, որը կհատկացվի Մեղրիից եկած այն համալսարանականին, որն իր իր գործունեությունը շարունակի Մեղրիում։ Սահմանված չափանիշներին համապատասխանող ուսանողներից ամբիոնը կընտրի որևէ թեկնածուի և կներկայացնի կրթաթոշակի համար»:

 

Միջոցառմանը ներկա պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները նույնպես, հիշելով սիրելի գործընկերոջը, երախտագիտության խոսք հայտնեցին Սաքապետոյանների ընտանիքին։

 

Այլ նորություններ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս․թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Վանաձորում կայացավ Համահայկական գիտաժողովը, որի կազմակերպիչներից էր Երևանի պետական համալսարանը։
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։