08.12.2017 | 
Ուսանողական, Հասարակություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:

Մարզիկների առաջարկով հանդիպումը տեղի ունեցավ հարց ու պատասխանի ձևաչափով: Ներկաները հետաքրքրվեցին չեմպիոնների հաջողության պատմություններից, անձնական կյանքից, սպորտում նրանց մոտիվացիայից:

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչով է կարևոր սպորտից դուրս մասնագիտություն ունենալը:


«Վերջերս Լոզանում սեմինարներ էին անցկացվում, որտեղ քննարկվում էր, թե  ինչպես համատեղել սպորտը և ուսումը: Կարծիք հնչեց, որ մարզիկին պատանի հասակից՝ 16-17 տարեկանից, պետք է համոզել, հավատացնել ու հասկացնել, որ պարտադիր է այլ մասնագիտություն ունենալը: Դա օգնում է, որ սպորտում պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո մարզիկը կարողանա իրեն «գտնել կյանքում»»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը, ով նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ է:


Արսեն Ջուլֆալակյանի խոսքով՝ պրոֆեսիոնալ մարզիկներն անկախ սպորտաձևից ունեն հոտառություն մյուս բոլոր բնագավառներում, և նրանց ծանրաբեռնվածությունն է նաև պատճառը, որ շատերն իրենց չեն փորձում այլ ոլորտներում:


«Դեռ դպրոցական տարիներից ծնողներս մեծ ուշադրություն են դարձրել ուսմանս: Ինքս ինձ չեմ պատկերացնում առանց ընթերցանության, գիտության, բայց միևնույն ժամանակ, իհարկե, ուսումն ու սպորտը համադրելն ու համատեղելը բարդ գործ են: Ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»,- նշեց Ջուլֆալակյանը:


Ուսանողներից մեկն էլ Արթուր Ալեքսանյանից հետաքրքրվեց սպորտում անհաջողությունների, պարտությունների ժամանակ մարզիկների տրամադրվածության փոփոխությունների ու դրանց հաղթահարման հնարավոր միջոցներից:


«Եթե պրոֆեսիոնալ մարզիկ ես, ապա պետք է պատրաստ լինես յուրաքանչյուր դժվարության: Դրանցից խուսափելու լավագույն միջոցը շարունակական պարապմունքներն ու մարզումներ են»,- նշեց Արթուր Ալեքսանյանը:


Մարզիկների մոտիվացիայից խոսելիս Արթուր Ալեքսանյանն ասաց, որ իր համար ամենաոգևորիչը հայրենակիցների արձագանքն է. «Ինձ մոտիվացնում է այն, որ հաղթանակովս մի ամբողջ ազգ է ուրախանում, այսինքն՝ կարողանում եմ մարդկանց գոնե մի քանի րոպեով կտրել իրենց հոգսերից»:


Մաքսիմ Մանուկյանն էլ հավելեց, որ իր համար ամենաոգևորիչն իր հայրանակիցներին հպարտության զգացում պարգևելն է ու հաղթական տրամադրություն հաղորդելը:


Հանդիպման ընթացքում ընթերցվեց նաև Արթուր Ալեքսանյանին ուղղված նամակը, որտեղ երկրպագուհիներից մեկը հետաքրքրվում էր, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա նրա ընտրյալը:


Արթուր Ալեքսանյանը կատակեց՝ ասելով, թե այդ հարցի մասին կարող է ժամերով խոսել, բայց առանձնացրեց իր կարծիքով ամենակարևոր բանավորության գծերը:


«Ամենակարևորը այն է, որ նա լինի խելացի, հավատարիմ ու անպայման՝ հայ»,- ընդգծեց Արթուր Ալեքսանյանը:

Հանդիպման վերջում ուսանողները լուսանկարվեցին չեմպիոնների հետ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: