08.04.2014 | 
Հասարակություն
ԱՅՍՕՐՎԱ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐ
ԱՅՍՕՐՎԱ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐ
Եվրոպայի առաջնությունից մեդալներով վերադարձած ըմբիշները Հայաստան ժամանած հենց առաջին օրը հյուրընկալվել էին ԵՊՀ-ում:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ էին եկել հունահռոմեական ոճի ըմբիշ, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ով Եվրոպայից վերադարձել էր արծաթե մեդալով, և ազատ ոճայիններ, արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանն (70 կգ) ու բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը (57 կգ): Նրանք Մայր բուհում էին մարզական մեկնաբան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Գիլոյանի հրավերով:

 

«Թե ինչքան բարդ մարզաձև է ըմբշամարտը, կարող եք դատել՝ նայելով այս 3 հրաշքների ականջներին,- կատակում է պարոն Գիլոյանը և շարունակում,- այս առաջնությունն ապացուցեց, որ մենք այս մարզաձևում ուժեղների մեջ ենք: Մրցումներից մեկ օր առաջ կատարվում է կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Նախկինում մենք ասում էինք` միայն թե մեզ ուժեղները բաժին չընկնեն, բայց հիմա ճիշտ հակառակն է. բոլոր մարզիչները կանգնած Աստծուն աղաչում են, որ հանկարծ իրենց մրցակիցը Արսեն Ջուլֆալակյանը կամ Արթուր Ալեքսանյանը չլինեն»:

 

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ մարզիկները խոսեցին ու մեկնաբանեցին իրենց գոտեմարտերը՝ նշելով այն բացթողումները, որոնց պատճառով մեդալները ոսկի չէին:

 

«Եթե գոտեմարտից առաջ ինձ ասեին, որ ձեռքս կտամ հակառակորդին, հավատս չէր գա: Այստեղ շատ լուրջ տրամադրված էի, պարաստված էի, այսինքն՝ մաքսիմալ մոտեցում էր: Տվեցի մի բռնվածք, որից պաշտպանվելը գրեթե անհնար է. ձեռքդ տալիս ես, դու մնում ես մեկ ձեռքով, հակառակորդդ՝ երկուսով: Պարզապես ագահություն, թե վրիպում ասեմ, առհասարակ չուզեցի միավոր տալ նրան նույնիսկ այդ դիրքից: Պետք է դիմեի նվազագույն կորստին, թույլ տայի մեկ գլորում և տայի 2 միավոր, դա հետ բերելը կլիներ ավելի հեշտ, քան 4-ը»,- պատմում է Արսենը, ով այդ 4 միավորներից 3-ը կարողացավ հետ բերել, սակայն վերջնական հաղթանակին հասնելուն խոչընդոտեց մրցավարական կողմնապահությունը:

 

Իսկ Գարիկ Բարսեղյանն էլ խոստովանում է, որ իրեն խանգարեցին լարվածությունն ու փորձի պակասը. «Առաջին անգամ էի Եվրոպայի առաջնության մասնակցում: Լավ պատրաստ էի ու միայն ոսկե մեդալի մասին էի մտածում, բայց իմ մեղքով էր, որ չստացվեց. տակտիկական սխալներ արեցի, կփորձեմ աշխարհի առաջնությունում սխալս ուղղել»:

 

Հանդիպման ժամանակ մարզիկներն անդրադարձան նաև ԵԱ-ի մրցավարների թույլ տված կամայականություններին: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի վրդովմունքի պատճառն այն է, որ հայ ըմբիշների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է եղել, իսկ պատկան մարմինները դրա մասին դեռ լռում են:

 

«Ամեն անգամ, երբ այդպես է լինում, գալիս ենք, լրագրողների մոտ ասում, որ վատ էր և վերջ: Պետք է քայլեր ձեռնարկել: Ես կարող եմ միայն գորգի վրա ինչ-որ բան անել, իսկ գորգից դուրս կան հարյուրավոր պաշտոնյաներ նախարարությունից, ֆեդերացիայից, Օլիմպիական կոմիտեից, ովքեր պետք է ի պաշտոնե գնան ու հետողական լինեն, որ այդ դատավորը գոնե որակազրկվի: Երբ 1-2 դատավոր հայերի բողոքով որակազրկվի, մնացածները վախենալով՝ այլևս երբեք նման կամայականություն չեն անի»,- կարծում է Արսենն ու հավելում, որ թեև այդ քայլով մարզիկի արդյունքները չեն փոխվի, բայց գոնե տվյալ երկրի մարզիկների նկատմամբ վերաբերմունքը կփոխվի:

 

Հանդիպման ավարտին ապագա լրագրողները բաց չթողեցին չեմպիոնների հետ լուսանկարվելու առիթը, իսկ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նրանց հետ առանձնազրույց ունեցավ իր աշխատասենյակում:

 

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի Վանտա քաղաքում կայացած Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականների ըմբիշները նվաճել են 5 մեդալ: Ազատ ոճայինները թիմային հաշվարկում զբաղեցրել են 6-րդ տեղը: Նրանցից արծաթե մեդալակիր է դարձել Գրիգոր Գրիգորյանը, բրոնզե պարգևների են արժանացել Գարիկ Բարսեղյանն ու Մուսա Մուրթազալիևը (86 կգ): Հունահռոմեական հավաքականն էլ թիմային հաշվարկով գրավել է 7-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը (98 կգ), իսկ փոխչեմպիոն՝ Արսեն Ջուլֆալակյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: