06.03.2022 | 
Կրթություն
ՔԻՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՆ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ՔԻՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՆ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում մեկնարկել է ՀՀ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում է Հայաստանի և Արցախի տարբեր դպրոցների 82 աշակերտ:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, Ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից կազմակերպված օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է երեք օրով՝ մարտի 5-7-ն ընկած ժամանակահատվածում։

 


Արդեն իսկ դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած աշակերտներն օլիմպիադայի այս փուլի ընթացքում մասնակցում են երկու ենթափուլի՝ տեսական և փորձնական: Տեսական փուլի ժամանակ աշակերտներին տրվում են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլի ժամանակ մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում պետք է իրականացնեն պահանջվող քիմիական փորձերը և կատարեն համապատասխան եզրահանգում:

 


Оլիմպիադայի շրջանակում կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես կազմակերպչական, այնպես էլ բնագավառին ու առաջադրված խնդիրների լուծման մեթոդաբանությանն առնչվող հարցեր և այլն:

 

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանն ասաց, որ այս օլիմպիադայի հանրապետական փուլի անցկացումը ԵՊՀ-ում խորհրդանշական է, քանի որ հենց Քիմիայի ֆակուլտետն է ոլորտի մասնագետներ պատրաստելու հենասյունը Հայաստանում:

 

 

Ըստ Արմեն Գալստյանի՝ առարկայական օլիմպիադաները յուրատեսակ ստուգատես են մասնակիցների համար տրամաբանության, արագ կողմնորոշվելու, խնդիրներին այլ մոտեցում ցուցաբերելու և նոր լուծումներ գտնելու տեսանկյունից:

 

 

Դեկանի տեղակալի խոսքով, առարկայական օլիմպիադաներին մասնակցությունը շատ կարևոր է աշակերտների և ուսանողների համար. «Հատկապես աշակերտների դեպքում առարկայական օլիմպիադաները կարող են նպաստել մասնագիտական կողմնորոշմանը և ընտրությանը: Հուսով եմ՝ այս միջոցառումն ավելի մեծ սեր կառաջացնի քիմիայի նկատմամբ, և մենք առաջիկայում կունենանք խելացի և բանիմաց ուսանողներ»:

 

«Այբ» դպրոցի քիմիայի ուսուցչուհի Գոհար Ներսիսյանը, որի 4 աշակերտները մասնակցում են օլիմպիադայի այս փուլին, մեզ հետ զրույցում ասաց, որ առարկայական օլիմպիադաներն աշակերտների շրջանում զարգացնում են ստեղծագործական մոտեցում և գիտակցված վերաբերմունք առարկայի նկատմամբ, ինչպես նաև լայնացնում մտահորիզոնը:

 

 

Գ. Ներսիսյանը նշեց նաև, որ վերջին տարիներին «Քիմիա» առարկայի օլիմպիադաներն անցկացվում են բարձր մակարդակով, խնդիրներն էլ առավել համապատասխանեցված են միջազգային չափորոշիչներին, ինչը շատ խրախուսելի է:

 

Ի դեպ, տիկին Ներսիսյանը վստահեցրեց, որ տարբեր ուղղություններով համագործակցում են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հետ, որը, ըստ նրա, քիմիկոսներ պատրաստող լավագույն կառույցն է Հայաստանում, և հույս հայտնեց, որ առավել շատ աշակերտներ կընտրեն այս մասնագիտությունը, քանի որ ոլորտի զարգացումն անհրաժեշտ է մեր երկրին:

 

 

«Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Գրիգորյանը, որը հաջողությամբ հաղթահարել է օլիմպիադայի նախորդ փուլերը, ասաց, որ այս փուլում առաջադրված խնդիրները հետաքրքիր էին և պահանջում էին ստեղծագործ մոտեցում: Ըստ նրա՝ օլիմպիադաները հնարավորություն են տալիս ստուգելու գիտելիքները և մրցելու տարբեր դպրոցների աշակերտների հետ:

 

 

Տեղեկացնենք, որ օլիմպիադայի երկու օրերի ամփոփումից հետո պարզ կդառնան հաղթողների անունները, և մրցանակները հանդիսավորությամբ կհանձնվեն օլիմպիադայի փակմանը, որը տեղի կունենա մարտի 7-ին:

 

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: