13.06.2018 | 
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ԼՐԱԳՐՈՂ ՇԵՐԻԼ ՌԻԴԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՀԱՅՏՆԻ ԼՐԱԳՐՈՂ ՇԵՐԻԼ ՌԻԴԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր Նյու Յորքի Սիրակյուզի համալսարանի տպագիր և օնլայն լրագրության ֆակուլտետի դասախոս, գրող Շերիլ Ռիդին և նրա ամուսին, «Chicago Tribune» թերթի նախկին խմբագիր Գրեգորի Ստրիչարչուկին:

Շերիլ Ռիդը ամերիկացի հետաքննող լրագրող է, աշխատել է «Washington Post», «Dayton Daily News», «Florida Today», «Newport New Daily Press» թերթերում և «Columbia Journalism Review» ամսագրում: 1996 թվականին հետաքննական լրագրության ոլորտում արժանացել է Հարվարդի Գոլդսմիթի մրցանակի (Harvard's Goldsmith Award): Շերիլ Ռիդը Ֆուլբրայթի դրամաշնորհային ծրագրի շրջանակում տասը ամիս անցկացրել է Կիևում՝ հետաքննական լրագրություն դասավանդելով ուսանողներին:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է համագործակցության համար. «Մեզ միավորում է նվիրումը, սերը ժուռնալիստիկայի հանդեպ և ժուռնալիստիկայի տեղի ու դերի գիտակցումը: Մենք Հայաստանում, Դուք ԱՄՆ-ում մի խնդիր ենք լուծում՝ պատրաստել լրագրողներ, ովքեր կձևավորեն մրցունակ և քաղաքակիրթ լրատվական դաշտ»:

 

Խոսելով աշխարհում ժուռնալիստիկայի մասին տարբեր մոտեցումներից՝ Նաղաշ Մարտիրոսյանը կարևորեց լրագրողական կրթության կազմակերպման ընթացքում տեսականի և գործնականի արդյունավետ բաշխումը: Նա նշեց, որ կարևոր է արտասահմանյան գործընկերների փորձի ներառումը դասագրքերում և ձեռնարկներում: «Կա ժուռնալիզմի հայկական դպրոց ստեղծելու անհրաժեշտություն»,- մեկնաբանեց Նաղաշ Մարտիրոսյանը:


Հանդիպման ընթացքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները ամերիկյան գործընկերների հետ քննարկեցին կրթական համակարգերի նմանություններն ու տարբերությունները, դասավանդվող առարկաների առանձնահատկությունները և կազմակերպական մի շարք հարցեր:



Շերիլ Ռիդը, խոսելով Սիրակյուզի համալսարանի մասին, նշեց, որ այնտեղ շեշտադրվում է պրակտիկ մասը. ուսանողական թերթերը, ռադիոն, հեռարձակվող հաղորդումները հիմնական պրակտիկ դաշտն են ուսանողների համար: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նա մատնանշեց հատկապես հետաքննական լրագրության հանդեպ հետաքրքրության անկումը՝ դա պայմանավորելով երիտասարդների նախասիրությունների այլ շրջանակով:

«Chicago Tribune» թերթի նախկին խմբագիր Գրեգորի Ստրիչարչուկը մտահոգություն հայտնեց այն մասին, որ այժմ ուսանողները հիանալի տիրապետում են թվային մեդիային, տեխնիկական գերազանց գիտելիքներ ունեն, սակայն շփման, հաղորդակցման հմտություններում թույլ են: «Պրակտիկանտ ունեի, ով պետք է նյութ պատրաստեր, և տարակուսած էր, որ հանդիպումը ֆիզիկապես պետք է տեղի ունենար, այլ ոչ թե էլեկտրոնային նամակագրությամբ»:

 

Խոսելով մասնագիտական գրականության մասին՝ Շերիլ Ռիդը պատմեց Սիրակյուզի համալսարանի մասին. «Դասագրքերի հանդեպ համալսարանում այլ փիլիսոփայություն է. լրագրությունը պետք է դասավանդվի փորձը և հմտությունները ներկայացնելու միջոցով»:
Քննարկման ավարտին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հայտնեց, որ լիահույս է՝ այսպիսի համագործակցությունները շարունակական բնույթ կկրեն:

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:
ՎԱՆԱՁՈՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության, սոցիոլոգիայի, ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վանաձորի թիվ 5 և «Էվրիկա» բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցներ` համալսարանի կրթական ծրագրերը և ֆակուլտետները ներկայացնելու համար: