06.12.2018 | 
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր «Տարածաշրջանային մարտահրավերներ» դասընթացաշարի հերթական դասախոսությունը:

Դասախոսությունը կրում էր «Չինաստանի ներդրումային քաղաքականությունը Հվ. Կովկասում»  խորագիրը, և այն կարդում էր ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, քաղաքագետ Մելինե Պետրոսյանը:

Բանախոսն իր ելույթը սկսեց՝ ներկայացնելով Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասում, այնուհետև անդրադարձավ այն բոլոր ուղիներին, որոնցով վերջինս համագործակցում է տարածաշրջանի երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ:

«Այսօր տարածաշրջանի 3 երկրների հետ Չինաստանն ունի տարբեր մակարդակի հարաբերություններ,- նշեց Մելինե Պետրոսյանը,- կարող ենք ասել, որ հարաբերականորեն ավելի ակտիվ են չին-վրացական հարաբերությունները, հետո՝ չին-ադրբեջանականը և վերջում՝ չին-հայկական հարաբերությունները»:  

Չինաստանը և Վրաստանը համագործակցում են մասնավորապես օտարերկրյա ուղղակի ներդրումների և առևտրի ոլորտում:

«Պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր փաստի վրա,- պարզաբանեց բանախոսը,- Հարավկովկասյան տարածաշրջանում Վրաստանը միակ երկիրն է, ում հետ Չինաստանը 2017 թ. կնքեց Ազատ առևտրի համաձայնագիր, որը Վրաստանի նման փոքր պետությանը թույլ տվեց գրեթե զրոյական մաքսահարկով  ապրանքներ արտահանել Չինաստան»:

 

Ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը բավականին լուրջ ներգրավվածություն ունեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում:

«Ադրբեջանն ունի նավթի և գազի մեծ պաշար, այդ պատճառով Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանին և կատարում է միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներ»,-ասաց ՈՒԳԸ նախագահը:

Վերջում, խոսելով հայ-չինական հարաբերությունների մասին, բանախոսը նշեց, որ վերջիններս մեծ ներուժ ունեցող հարաբերություններ են, և յուրաքանչյուր տարի դրանք ամրապնդվում են համագործակցության նոր ոլորտներով: