Ուղիղ 20 տարի է, ինչ մեզ հետ չէ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Սիմոն Աչիքգոզյանը (Դեդ): Հարազատներն այս ժամանակահատվածն անվանում են անմահության 20 տարիներ, քանի որ նրա ու նրա ընկերների գործն անմահ է: Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 319 լսարանի ցուցատախտակն այսուհետ եկող սերունդներին հիշեցնելու է իրենց հերոս-դասախոսի սխրանքի մասին: «Մեր հիշատակի միջոցառումները նրանց այլեւ պետք չեն, դրանք պետք են նոր սերնդին ճիշտ հայեցի դաստիարակության համար»,- նշեց ֆակուլտետի դեկանը` Մարատ Գրիգորյանը, ու բոլոր արվեստագետներին հիշեցրեց մեր բոլորիս պարտքի մասին. այն է` անմահացնել մեր հերոսներին:
«Ոչ թե կորցրել եմ, այլ գտել»,- խոսելով հոր կորստի մասին` նշեց Սիմոն Աչիքգոզյանի որդին` Հովհաննես Աչիքգոզյանը, ով, ի դեպ, հոր հետ կռվել է հենց նույն` «Արաբո» ջոկատում: «Մեր ջոկատում առաջին զոհը հենց Սիմոնն էր»,- հիշում է հերոսի մարտական ընկեր, «Արաբո» վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի նախագահ Կարեն Ղազարյանը: «Նրա երազանքն էր, որ չտեսնի մեզնից ոչ մեկի մահը, ու այդպես էլ եղավ»,- եզրափակում է նա: Սիմոն Աչիքգոզյանը զոհվեց 52 տարեկան հասակում:
Հենց այս խորհրդանշական թիվն էլ ընկած է «Արաբոյի» զինանշանի հիմքում, որն այսօր առաջին անգամ գաղտնազերծեց ջոկատի հրամանատարը` Ջիվան Հակոբյանը: Սիմոն Աչիքգոզյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթը կազմակերպել էին ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
Սիմոն Աչիքգոզյանը ծնվել է 1936 թ-ին Ռումինիայի Գալաց քաղաքում` Մեծ եղեռնից փրկված Հովհաննեսի եւ Սիրանույշի կազմած ընտանիքում: 1946 թ-ին ծնողների հետ հայրենադարձվել է Սովետական Հայաստան: 1955 թ-ին Սիմոն Աչիքգոզյանն ընդունվում է Երեւանի պետական համալսարան եւ 1960 թ-ին կարմիր դիպլոմի արժանանալով` ստանում ինժեներ-երկրաբանի որակավորում: Շուրջ 31 տարի Սիմոն Աչիքգոզյանն անմնացորդ նվիրումով աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանական ինստիտուտում: Նա առաջիններից էր, ով 1989 թ-ին համալրեց նորակազմ «Արաբո» կամավորական ջոկատի շարքերը: 1990 թ-ին ընտրվում է Երեւանի քաղխորհրդի պատգամավոր: Սիմոն Աչիքգոզյանը հերոսաբար զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Մարտունաշեն գյուղում: