31.07.2017 | 
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵՑ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2017-Ը
ԱՄՓՈՓՎԵՑ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2017-Ը
Մեկ ամիս շարունակ հայրենիքում վերապատրաստվող սփյուռքահայերը մասնագիտական գիտելիքները համալրելուց և Հայաստանի տեսարժան վայրերն այցելելուց հետո վերադառնում են իրենց բնակության վայր՝ շուտով հայրենիք կրկին վերադառնալու ակնկալիքով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 3-ին ԵՊՀ-ում մեկնարկել էր «Սփյուռք» ամառային դպրոց 2017-ը: Ծրագրի շրջանակում 5 ուղղություններով վերապատրաստվող սփյուռքահայ մասնագետները մասնակցել են տեսական և գործնական դասընթացների, այցելել են պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ինչպես նաև հանդիպումներ են ունեցել քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ:

«Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներից երեքի («Երիտասարդ լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետություն» և «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների») փակման արարողությունը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին: Մինչ հուլիսի 28-ը շարունակվում էին «Հայոց լեզվի արագացված ուսուցում» և «Ուսուցիչների վերապատրաստում» դասընթացները:

Փակման արարողության ընթացքում մասնակիցներին շնորհավորեց ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապոնյանը: Շնորհակալություն հայտնելով ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին՝ դասընթացները մեծ պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար, Սերժ Սրապոնյանը նշեց, որ ծրագրի առաջնային նպատակներից մեկը հայապահպանության զարգացումն է օտար ափերում:

«Սիրելի՛ մասնակիցներ, դուք ձեռք բերեցիք նոր գիտելիքներ ու հմտություններ: Ձեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը նոր ընկերներն են, կապերն ու հարաբերությունները: Այսպես աստիճանաբար ձևավորվում է ազգային զորավոր ցանցը, որը պետք է դառնա հայապահպանության երաշխավորներից մեկը»,- նշեց Սերժ Սրապոնյանը:


«Սփյուռք» ամարային դպրոցի համակարգող, ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ-ի համագործակցությունը արդյունավետ է և դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ: Ասվածի ապացույցն է 2012թվականից առ այսօր ծրագրի մասնակիցների քանակի զգալի աճը և հետաքրքրության մակարդակի բարձրացումը արտերկրում բնակվող մեր հայրենակիցների շրջանում:

Հռիփսիմե Մովսիյանը, ով ժամանել էր հայրենիք Ռուսաստանի Դաշնությունից, շնորհակալական իր խոսքում նշեց,- «Յուրաքանչյուր հայ իր երկրում ավելի հզոր է դառնում, հաստատուն և պաշտպանված: Մենք՝ գալով Հայաստան, մեր կարոտն առանք: Ես կոչ եմ անում երիտասարդներին, որ ուր էլ լինեն, երբեք չմոռանան մեր մայրենի լեզուն»:

«Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակից Աստղիկ Լագզյանը, ով հայրենիք էր ժամանել որդու հետ (վերջինս այս ծրագրի շրջանակում մասնակցում էր «Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացին») շնորհակալական իր խոսքում նշեց, որ այս մեկ ամսյա ծրագրի ընթացքում էականորեն փոխվել է իր զավակների վերաբերմունքը հայոց լեզվի հանդեպ: Նրանք այսօր համեմատաբար շատ ավելի լավ են հասկանում և խոսում մայրենիով, անգամ փորձում են երգել հայկական ժողովրդական երգեր:

Դասընթացների ամփոփման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցան երկու դասընթացների այն մասնակիցները, որոնք նախապես ցանկություն էին հայտնել մասնակցելու «Սփյուռք» ամառային դպրոցի փակման միջոցառմանը՝ ներկայանալով ասմունքի, երգեցողության կամ պարային կատարումներով: Մշակութային ծրագրի նախապատրաստական աշխատանքները իրականացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ստացան հավաստագրեր:

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: