31.03.2017 | 
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2017»-Ը
ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2017»-Ը
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2017»-ի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ արդեն 9-րդ տարին անցկացվող դպրոցական օլիմպիադային այս տարի մասնակցել են հանրակրթական դպրոցներում սովորող շուրջ 3000 աշակերտներ: Լավագույն արդյունքի հասած դպրոցականները մասնակցել են նաև օլիմպիադայի 2-րդ փուլին, որը տեղի է ունեցել Մայր բուհում: Մասնակիցներից 86-ն այսօր արժանացան I, II և III կարգերի դիպլոմների:

 

Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ուրիշներ:

 

Մայր բուհը, ընդլայնելով դպրոցների հետ իր համագործակցության շրջանակը, այսօր ևս երեք ավագ դպրոցների հետ (Սևանի, Հրազդանի համար 13 և Մ. Հերացու անվան ավագ դպրոցներ) ստորագրեց համագործակցության պայմանագիր, որը հնարավորություն կտա սերտացնելու դպրոց-բուհ կապը:

 

«ԵՊՀ ռեկտորի անունից ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում այն դպրոցներին, որոնք ակտիվ մասնակցել են մեր՝ արդեն 9-րդ աշակերտական օլիմպիական շարժմանը: Ողջունում են նաև գործընկեր դպրոցների հետ համագործակցության շրջանակը: Համալսարանն իր գործունեության մեջ մշտապես կարևորել է այս ոլորտը, որը ներառված է նաև ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրում: Հանրակրթական հաստատությունների հետ ամենօրյա կապը մեր ուշադրության կենտրոնում է: Այս օլիմպիադան նույնպես կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս աշակերտներին ընդունելության քննություններից առաջ փորձելու իրենց ուժերը»,- ասաց պրոռեկտոր Գրիգորյանը:

 

Նշենք, որ օլիմպիադայում I, II և III կարգերի դիպլոմներ ստացած աշակերտները Մայր բուհ ընդունվելիս ուսումնառության առաջին տարում կօգտվեն ուսման վարձի 50, 40 և 30% զեղչի հնարավորությունից, որը  հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդում:

 

 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի ակտիվ մասնակցել են 31 դպրոցներ, որոնք պարգևատրվել են ԵՊՀ շնորհակալագրերով և գրքերով: Պարոն Գալստյանն առանձնացրեց հատկապես Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, Երևանի «Քվանտ» վարժարանի, Գորիսի համար 4 դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի սաների մասնակցությունը, որոնք արժանացել են տարբեր կարգերի դիպլոմների:

 

Տեղեկացնենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2017»-ում ամենաշատ կարգերի են արժանացել հիմնականում «Անգլերեն», «Հայոց լեզու և գրականություն», «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» առարկաների գծով օլիմպիադային մասնակցած դպրոցականները: Իսկ ահա օլիմպիադայի 2-րդ փուլ անցած 397 դպրոցականներից ամենաշատը մասնակցել են «Հայոց լեզու գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ստուգատեսներին:

 

Դպրոցականներին դիպլոմներն ու գրքերը հանձնեցին ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ինչպես նաև տարբեր ֆակուլտետների դեկաններ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը:
ՀԱՅԱԶԳԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիսի 12-13-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում դասախոսություններով հանդես եկավ ԱՄՆ-ի Ռոչեստերի համալսարանի պրոֆեսոր Սևակ Մկրտչյանը: