26.09.2018 | 
Հասարակություն
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:

«Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի նպատակը հակամարտության գոտիներից, հատկապես՝ Սիրիայից և Ուկրաինայից, ինչպես նաև Ջավախքից Հայաստան տեղափոխված և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին ծանոթացնել հայկական աշխատաշուկայի առանձնահատկություններին:

Ծրագրի պաշտոնական փակմանը ներկա էին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, կենտրոնի ներկայացուցիչները, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության «Զբաղվածության ավելի մեծ հնարավորություններ Հայաստան տեղահանված երիտասարդների համար» ծրագրի համակարգողներ Լորիգ Հալեբիանը և Անի Ջուղեցյանը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն իր խոսքում նշեց. «Լավագույն արդյունքի մասին խոսում է այն փաստը, որ փակման արարողությանը քիչ մարդ է ներկա: Դա նշանակում է, որ ծրագիրը հասել է իր նպատակին. երիտասարդ մասնագետներն անցել են աշխատանքի:

Իսկ ցանկացած ծրագիր ունի սկիզբ, ընթացք ու վերջ, սակայն մենք միևնույն է կշարունակենք ձեզ հետ աշխատել, դուք մշտապես մեր շատ սպասված շահառուներն եք և անընդհատ ստանալու եք առաջարկներ մեր կողմից»:

«Լավագույն հավաստագիրն այն է, որ շատերդ այսօր աշխատանք ունեք: Կրթությունը, վերապատրաստումը, մշտական կատարելագործումը, նոր հմտությունների ձեռքբերումը մեզ համար պետք է լինեն մշտական գործընթաց, և չպետք է դադարենք դրանց ուշադրություն դարձնել»,- ասաց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Նա նաև նշեց, որ տեղահանվածները և հայաստանաբնակները չեն առանձնացվել, ինչը հնարավորություն տվեց զարգացնելու միջմշակութային շփումները:

Հանդիպման ավարտին ծրագրի 46 մասնակիցները ստացան հավաստագրեր:

Հիշեցնենք, որ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանի հետ համագործակցության հուշագիրը ստորագրվել էր մարտին:

«Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագիրը մեկնարկել էր ապրիլին, որի արդյունքում Հայաստանում վերահաստատված երիտասարդները հնարավորություն ստացան ԵՊՀ-ում մասնակցելու հատուկ դասընթացների:
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից:


Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեք ուսանողներ՝ Աննա Կոստանյանը, Էլեն Աղաջանյանը (4-րդ կուրս) և Ռիմա Գրիգորյանը (2-րդ կուրս), մասնակցել են Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծին և հասել մինչև եզրափակիչ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում: