17.03.2018 | 
Ուսանողական
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐ» ՆՈՐ ԱԿՈՒՄԲԸ ԿԳՈՐԾԻ ԵՊՀ-ՈՒՄ ԵՎ ԵՊՀ-ԻՑ ԴՈՒՐՍ
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐ» ՆՈՐ ԱԿՈՒՄԲԸ ԿԳՈՐԾԻ ԵՊՀ-ՈՒՄ ԵՎ ԵՊՀ-ԻՑ ԴՈՒՐՍ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում փետրվարի 28-ից գործում է «Երիտասարդ միջազգայնագետներ» ակումբը: Ուսանողական նոր ակումբի նպատակների, գործունեության և հետագա անելիքների մասին զրուցել ենք հիմնադիր անդամ Անահիտ Ղազարյանի հետ:

- Անահի՛տ, ինչպե՞ս որոշեցիք հիմնել այս ակումբը:

- Ֆակուլտետում ժամանակ առ ժամանակ միջոցառումներ էին իրականացվում, որոնց կազմակերպչական հարցերում մի խումբ ուսանողներ միշտ մասնակցություն էին ունենում: Մի օր էլ ֆակուլտետում բաց դռների օր էր, հյուրեր ունեինք: Այդ նույն խմբով տեսապատկերի միջոցով ներկայացում և միջոցառում էինք պատրաստել, որին ներկա էր նաև մեր ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը: Միջոցառման ավարտից հետո նա մեր խմբին խոստացավ, որ այսուհետ միշտ կաջակցի մեզ: Հենց այդ ժամանակ միտք  ծագեց կենտրոնացնել այն ուսանողների ուժերը, որոնք պատրաստ են և ցանկություն ունեն դասերից դուրս աշխատելու, իհարկե, ի շահ մասնագիտությանը: Պարզվեց, որ նման ուսանողների թիվը մեր ֆակուլտետում շատ է և գնալով ավելանում է: Ես կազմեցի ծրագիր և ֆակուլտետի գիտխորհրդի նիստում հանդես եկա ակումբ ստեղծելու առաջարկությամբ: Ծրագիրս հավանության արժանացավ:

 

- Որո՞նք են ակումբի նպատակները:


- Մեր ակումբի նպատակներն են ուսանողների համար արդյունավետ ժամանցի ապահովումը, նրանց քաղաքական գիտակցության բարձրացումը, արտալսարանային ուսուցման միջոցով մասնագիտական որակների բարելավումը, ինչպես նաև տարբեր սերունդների մասնագիտական փորձի փոխանակման համար հարթակի ստեղծումը:

 

- Ակումբի գործունեության շրջանակում ի՞նչ միջոցառումներ եք հասցրել իրականացնել և ի՞նչ եք պատրաստվում կազմակերպել առաջիկայում:


- Մեր առաջին ծրագիրը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունն էր, որի շրջանակում Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ դրեցինք, եղանք նաև Ցեղասպանության թանգարանում: Միջոցառմանը ներկա էին մեր ֆակուլտետի դեկանը, շուրջ 300 ուսանողներ, ինչպես նաև հրավիրել էինք ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանին: Առաջիկայում նախատեսում ենք ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ կազմակերպել գիտաժողով՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին:

 

- Համագործակցո՞ւմ եք որևէ կառույցի կամ կազմակերպության հետ:


- Դեռևս համագործակցում ենք միայն ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ: Առաջիկայում պլանավորում ենք կապեր հաստատել այլ բուհերի միջազգայնագետների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ: Կարծում եմ՝ համատեղ հետաքրքիր միջոցառումներ կիրականացնենք:

  

- Ի՞նչ է պետք ձեր շարքերը համալրելու համար:


- Այժմ ունենք 520 գրանցված անդամներ: Մեզ միանալու համար պետք է ունենալ լավ գաղափարներ և մոտիվացիա: Ճիշտ է, մեր ակումբի կանոնադրությունը դեռևս վերջնականապես պատրաստ չէ, բայց յուրաքանչյուր երկուշաբթի անցկացնում ենք նիստեր, որոնց ընթացքում քննարկում ենք մեր հետագա անելիքները: Այն մասնակիցները, որոնք պարբերաբար քննարկումներին չեն ներկայանում, միանգամից հեռացվում են: Մեր շարքերը համալրված են խելացի և տաղանդավոր ուսանողներով, ես հուսով եմ, որ առաջիկայում  էլ ավելի մեծ թվով ուսանողներ կմիանան մեզ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇԱԿԵՑԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում նոյեմբերի 30-ին մեկնարկեց «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիր-3»-ը:
ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ .  ՄԵԿՆԱՐԿԵՑ  ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
«Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում բխում է ՀՀ շահերից» թեմայի մասին այսօր իրենց տեսակետը ներկայացրին ապագա միջազգայնագետները: