02.10.2009 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՄԱՅՐԱԲԱՐ ՀԱՄԱԽՄԲԵՑ…
ԵՊՀ-Ն ՄԱՅՐԱԲԱՐ ՀԱՄԱԽՄԲԵՑ…
«Օրհնյալ լինի այն մարդը, ով 90 տարի առաջ մտածեց, որ պետք է ստեղծել համալսարան…»

Հոկտեմբերի 1-ին ԵՊՀ-ում գիտխորհրդի ոչ ավանդական նիստ էր: Սովորաբար քննարկվող հարցերի ու խնդիրների փոխարեն հնչում էին շնորհավորանքներ: Չէ՞ որ հայաստանյան բոլոր բուհերը հավաքվել էին նշելու իրենց «սկզբնաղբյուրի»`Մայր համալսարանի 90-ամյա հոբելյանը: Բուհերի ղեկավարները եկել էին շնորհավորական ուղերձներով ու նվերներով:

 

«ԵՊՀ-ն` մեր անդրանիկ բուհը, այսօր կա ու պիտի գոյություն ունենա ոչ միայն համալսարանականների ջանք ու եռանդով, այլեւ մեր բարեկամների, մեր գործընկերների, հայոց բուհերի անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ: Համալսարանը երբեք իրեն մենակ չի զգացել, քանի որ մենք կոչված ենք մի ընդհանուր գործի, կատարում ենք ամենասրբազան աշխատանքներից մեկը. երիտասարդ սերունդ ենք դաստիարակում: Ուսուցիչ լինելը մեծագույն պատասխանատվություն է մեր ժողովրդի առջեւ»,- բացման խոսքում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ավագ երեխայի իրավունքով Մայր բուհին առաջինը շնորհավորեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Նրա խոսքով` 20-րդ դարի առաջին կեսը նշանավորվեց նրանով , որ մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցան մի շարք նշանակալից իրադարձություններ:

 

Դրանցից մեկը Երեւանի պետական համալսարանի ստեղծումն էր: «Ի փառս համալսարանի, ուրախությամբ փաստում ենք, որ նա ձեւավորում է ազգային նկարագիր ունեցող մասնագետներ: Երախտագետ որդու կեցվածքով Մայր բուհի տոնը նշում ենք նաեւ մենք` Պոլիտեխնիկի բազմահազարանոց ուսանողներս ու դասախոսներս»,- ավելացրեց պարոն Մարուխյանը: Մխիթար Հերացու անունը կրող Հայաստանի պետական բժշկական համալսարանը, իբրեւ ընծա, 90-ամյա ԵՊՀ-ին նվիրեց Ատլանտի արձանը, որն իր ուսերին է կրում երկրագունդը:

 

Ռեկտոր տիկին Քյալյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ համալսարանն իր վրա է կրում կրթության ու լուսավորության ծանր գործը: Բայց քանի որ նա ատլանտ է, դա անում է լավագույնս: «Ես էլ եմ բերել շնորհավորական ուղերձ` գրված գեղեցիկ եւ լավ հայերենով: Բայց ես չեմ ուզում ընթերցել: Կարծում եմ` կկարողանամ արտահայտել այն ջերմությունը, որն ինձ բերել է այստեղ: Մենք իսկապես հետեւում ենք ձեր աշխատանքին, փորձում ենք անել այն ամենը, ինչ արվում է Մայր բուհում: Ձգտում ենք բավարարել ձեր առաջադրած չափանիշներին»,- նշեց Գոհար Քյալյանը:

 

Հոբելյանական նիստին մասնակցում էին նաեւ Արցախի պետական համալսարանի եւ մարզային բուհերի ռեկտորները: Գորիսի պետական համալսարանը ԵՊՀ ռեկտորին պարգեւատրեց Գարեգին Նժդեհի անվան հուշամեդալով, իսկ Վանաձորի պետական համալսարանը Մայր կրթօջախին նվիրաբերեց Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների` նոր լույս տեսած ժողովածուն, որը տարիներ առաջ հեղինակել է Հրանտ Մաթեւոսյանը: Մի խումբ բուհերի ռեկտորներ Արամ Սիմոնյանին պարգեւատրեցին իրենց հաստատությունների բարձրագույն պարգեւներով` ոսկե մեդալներով: Իսկ ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը արժանացան «Մանկավարժական համալսարան» մեդալների:

 

Նիստի ընթացքում պարոն Սիմոնյանը խոստովանեց, որ տարիներ առաջ իր միակ երազանքը Ավիացիայի ինստիտուտ ընդունվելն էր: Բայց ընդունելությունից ընդամենը մի քանի ամիս առաջ որոշում է բռնել Մայր համալսարանի ուղին: Եվ ինչպես ինքն է նշում, ավիացիան ամբողջ կյանքում մնացել է իր սերը: Ավիացիոն ինստիտուտի տնօրեն գնդապետ Բալայանն էլ առաջարկեց կազմակերպել եւ իրականացնել հատուկ թռիչք: Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստիացրեց, որ ստացած բոլոր նվերներն ու մեդալները կցուցադրվեն ԵՊՀ թանգարանում:

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԻ «ԹԱՓՈՆՆԵՐԻՑ` ԿԵՆՍԱՋՐԱԾԻՆ» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցել է «UNDP Armenia’s ImpactAIM»-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և «ISTC - Innovative Solutions and Technologies Center Foundation»-ի կողմից կազմակերպված «Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրին, ներկայացրել «Թափոններից`կենսաջրածին» ստարտափ նախագիծը և դարձել մրցանակակիր:
 ՀԽ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը ներողություն է խնդրում գործընկերներից՝ Հոգաբարձուների խորհրդի այսօր նախատեսված նիստի չեղարկման վերաբերյալ նախօրոք չտեղեկացնելու համար: