13.12.2019 | 
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԵՊՀ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԵՊՀ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Համայնքային սոցիալական աշխատանք» ԵՊՀ հեռաուսուցման դասընթացի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը

«Համայնքային սոցիալական աշխատանք» հեռաուսուցման դասընթացը տևել է 11 ամիս, որին մասնակցել են 19 համայնքային սոցիալական աշխատողներ տարբեր մարզերից:

Վկայականների հանձնման արարողությանը ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ Արտաշես Խուրշուդյանը, դեկանի տեղակալը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան  առաքելության տնօրենի պաշտոնակատար Նիք Հիգինսը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

Միջոցառման սկզբում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչ Եվգինե Վարդանյանը ողջունեց հյուրերին և հեռաուսուցման դասընթացի առաջին շրջանավարտներին:

Եվգինե Վարդանյանը նշեց, որ դասընթացն իրականացվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի կողմից ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան  առաքելության, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի գործուն աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, որը, շնորհավորելով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի հիմնադրման 15-ամյակը, շնորհակալություն հայտնեց ծրագիրը հովանավորած կազմակերպություններին և գործընկերներին՝ ծրագրի շրջանավարտներին մաղթելով նորանոր հաջողություններ:

 

Այնուհետև ներկաներին ողջունեց նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան  առաքելության տնօրենի պաշտոնակատար Նիք Հիգինսը:

Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ին համագործակցության համար. «Մեզ համար մեծագույն պատիվ է հեռաուսուցման այս ծրագրի գործընկերը լինելը, ինչպես նաև կարևոր է բարելավել Հայաստանում մատուցվող սոցիալական ծառայությունների որակը»:

 

Ըստ բանախոսի՝ մասնագիտական համայնքի հետ միավորվելով՝ շրջանավարտները կարող են շոշափելի ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա. «Միասին դուք մի ընտանիք եք և կամուրջ համայնքի ու պետական հաստատությունների միջև»:

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը նույնպես շնորհակալություն հայտնեց գործընկերներին և ԵՊՀ-ին՝ տարիներ շարունակ սոցիալական աշխատանքի որակի բարելավման ուղղությամբ ծավալած աշխատանքի համար:

«Այս պահին մենք ունենք 91 համայնքային սոցիալական աշխատող, որոնց ջանքերի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում առավել քան 3.600 ընտանիք ստացել է աջակցություն, և հնարավոր է դարձել այդ ընտանիքների կյանքում դրական փոփոխություններ արձանագրել», - նշեց նա:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն էլ նշեց, որ Հայաստանն այս տարի շատ հետաքրքիր փոփոխությունների կատարվում:

 

«Մեր ասոցիացիան իր խնդիրն է համարում ոլորտում գործող բոլոր անձանց՝ որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, սոցիալական աշխատողների համար երկխոսությունների հարթակ ձևավորելը»,- փաստեց Միրա Անտոնյանը:

Նա շեշտեց, որ այդ հարթակներից մեկն է նաև ԵՊՀ-ն, որի պատերի ներքո ծնվել է սոցիալական աշխատանքը:

Այնուհետև ելույթ ունեցավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ Արտաշես Խուրշուդյանը:

Վերջինս ներկայացրեց «Համայնքային սոցիալական աշխատանք» հեռաուսուցման դասընթացի ձևաչափն ու անցկացման կարգը:

 

Ամփոփելով հեռաուսուցման լաբորատորիայի գործունեությունը՝ Արտաշես Խուրշուդյանը նշեց, որ լաբորատորիան ունեցել է սոցիալական աշխատող մասնագիտությամբ արդեն ավելի քան հազար շրջանավարտ. «Լաբորատորիան այս տարիների ընթացքում մշակել է հեռաուսուցման անգլալեզու մեկամյա դասընթացներ «Սոցիոլոգիա» մասնագիտությամբ օտարերկրյա ուսանողների համար»:

Նրա խոսքով, այն ունի նաև համագործակցության փորձ տարբեր կազմակերպությունների հետ:

Մեզ հետ զրույցում «Համայնքային սոցիալական աշխատանք» դասընթացի մասնակից, Քաջարանի խոշորացված համայնքի սոցիալական աշխատող Գայանե Համազասպյանը, շնորհակալություն հայտնելով դասընթացի կազմակերպիչներին, նշեց, որ դասընթացի ժամանակ մասնագետների կողմից ստացել են հիմնարար գիտելիքներ, մասնագիտական գրականություն և, չնայած հեռավորությանը, ձևավորել են ակտիվ կուրս: