07.05.2019 | 
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑՈՒՅԹԸ
Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվեց համառուսական պատմական «Հաղթանակի թելադրություն» («Диктант Победы») խորագիրը կրող գրավոր մրցույթը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմին։

Նշենք, որ այս մրցույթը կազմակերպվում է Հայրենական պատերազմի պատմության հետազոտության վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու, պատմական ճանաչողությունը բարձրացնելու և հայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով։ Ավելի մանրամասն տեղեկություններ, այդ թվում՝ մրցույթի կազմակերպիչների մասին, կարելի է գտնել «диктантпобеды.рф» կայքում։

Հայաստանում միջոցառումը համակարգում է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

Մեզ հետ զրույցում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի քարտուղար Ելենա Շուվաևա-Պետրոսյանն ասաց, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից և կրթությունից։

««Հաղթանակի թելադրություն» մրցույթի կազմակերպիչները մտադրություն ունեն այն դարձնելու ամենամյա։ Եթե անցած տարի միջոցառումը համառուսական էր և անցկացվում էր միայն Ռուսաստանի տարածքում, ապա այս տարի այն ընդգրկում է 23 երկիր»,- ասաց նա։

Մինչ միջոցառման սկիզբը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ողջունեց հյուրերին ու մրցույթի մասնակիցներին և կարճ ներկայացրեց համալսարանի պատմությունը։ Նա ասաց, որ ինքն ուրախ է ողջունել հյուրերին ԵՊՀ-ում և մաղթում է բոլորին հաջողություն։



«Հաղթանակի թելադրություն»-ն 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանք է, որը լրացնելու համար մասնակիցներին տրվեց 45 րոպե ժամանակ։

Հաղթողները ստանալու են խրախուսական նվերներ և հրավիրվելու են Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։



Մրցույթի կազմակերպիչները միջոցառման վերջում ասացին, որ արդյունքները հայտնի են լինելու հունիսի 12-ին և տեղադրված «диктантпобеды.рф» կայքում։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին: