18.12.2019 | 
Ուսանողական
«ԽՈՍԻ՛Ր, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ». ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
«ԽՈՍԻ՛Ր, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ». ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպել է «Խոսի՛ր, թե կարող ես» խորագրով հրապարակախոսության մրցույթ, որի հաղթողները որոշվել են այսօր:

Արդեն երկրորդ անգամ անցկացվող հրապարակախոսության մրցույթի նպատակը մասնակիցներին ինքնադրսևորվելու և հռետորական հմտությունները զարգացնելու հարթակ տրամադրելն է: Մեզ հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ Քերոբ Խաչատրյանը պատմեց, որ մրցույթի անցկացման գաղափարը ծագել է քննարկման արդյունքում, երբ ուսանողներով հասկացել են, որ ֆորմալ կրթական համակարգում հրապարակախոսական հմտությունները զարգացնելու քիչ հնարավորություններ կան:

 

Նրա փոխանցմամբ, մրցույթն իրականացնելուց առաջ ուսանողների համար նախևառաջ կազմակերպվել է հռետորության հմտությունները զարգացնելուն ուղղված դասընթաց, որը վարել է ՈԻԽ փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը, ապա նրանք լրացրել են հայտադիմումներ, հետո մասնակցել հարցազրույցի. «Շատ խիստ չենք դատել, քանի որ մրցույթը հենց ուսանողների համար է կազմակերպվել, և մենք ցանկացել ենք, որ ավելի շատ ուսանողներ հնարավորություն ունենան ինքնադրսևորվելու»:

 

Մրցույթի առաջին փուլին մասնակցել է 18 ուսանող, ապա ժյուրիի որոշմամբ, 12 մասնակից ստացել է եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն: Մասնակիցներին տրվում են թեմաներ, որոնց վերաբերյալ ուսանողները կառուցում են իրենց ելույթը:

Մասնակիցներին ելույթը ներկայացնելու համար տրվում է 4.5-5 րոպե: Եզրափակիչ փուլի համար ընտրվել են «Հայ առաքելական եկեղեցու դերը պետական կառավարման համակարգում» և «Կոռուպցիայի կանխարգելման հնարավորությունները» խորագրերը: Ըստ Քերոբ Խաչատրյանի՝ թեմաները հայաստանյան հանրության շրջանում մշտապես խնդրահարույց են, և այդ համատեքստում հետաքրքրական է մասնակիցների փաստարկները:

 

Եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում այս տարի ընդգրկված են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Նահապետյանը, Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Խաչիկ Գալստյանը, ՈԻԽ փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը և ՈՒԽ անդամ Տաթևիկ Սողոյանը:

 

 

Ժյուրին մասնակիցներին գնահատում է 5 բալանոց համակարգով՝ դիտարկելով նրանց խոսքի տրամաբանական կառուցվածքը, փաստարկները հիմնավորելու կարողությունը, վերբալ իմիջը, ժեստերը և այլն: Բացի դրանից՝ ժյուրին հնարավորություն ունի հարցեր ուղղելու մասնակիցներին:

 

Միջոցառման պատասխանատու Միլենա Վարդանյանը մեզ հետ զրույցում էլ փաստեց, որ մրցույթը կարևոր է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար, քանի որ նրանց ընտրած մասնագիտությունը ենթադրում է հռետորական հմտությունների առկայություն:

 

Եզրափակիչ փուլի մասնակիցներն այսօր ստացան հավաստագրեր, իսկ 1-3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցրած ուսանողները՝ նաև մասնագիտական գրքեր: Քերոբ Խաչատրյանի փոխանցմամբ, նպատակ ունեն մրցույթը հաջորդ տարի դարձնել միջֆակուլտետային, իսկ հետագայում արդեն միջհամալսարանական:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԳԸ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել ՈՒԳԸ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի ընդլայնված նիստն ու «Արդյունքի և անհատականացման վրա հիմնված ոչ ֆորմալ կրթությունը Հայաստանում. հնարավորություններ բոլորի համար» խորագրով սեմինար-քննարկումը: