31.05.2017 | 
Մշակույթ
ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
Մայիսի 30-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ՀՀ կոմպոզիտորների միության 85-ամյակին:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի և ՀՀ կոմպոզիտորների միության համագործակցության շրջանակում: Այդ համագործակցությունը սկսվել է դեռևս 2015 թ.-ից, երբ ՀՀ անկախության 25-ամյակի առիթով կազմակերպվել էր «Անկախության սերնդի ձայնը» ուսանողական ստեղծագործական մրցույթ-փառատոնը:

 

Համագործակցության վառ արդյունքն էր նաև տեղի ունեցած միջոցառումը, որի ընթացքում Մշակույթի կենտրոնի սաները ներկայացրին ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 

Համերգին ներկա էին սիրված և ճանաչված կոմպոզիտորներ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, միության անդամներ Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, էդգար Գյանջումյանը և Էդմոնդ Մակարյանը:

 

 

Միջոցառման սկզբում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն իր շնորհավորական խոսքն ասաց միության անդամներին՝ մաղթելով երկար տարիների բեղմնավոր աշխատանք. «Մեր կենտրոնը բազմիցս համագործացկել է կոմպոզիտորների հետ, և վստահ եմ, որ այդ համագործակցությունը շարունակական է լինելու: Դուք շա՛տ ստեղծագործեք, քանզի ձեր երաժշտությունը մեր կյանքն ավելի գեղեցիկ է դարձնում»:

 

Մեզ հետ զրույցում Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանն ասաց, որ այս նախաձեռնությունը հիանալի նվեր է ոչ միայն կոմպոզիտորների, այլև ունկնդիրների համար. «Կարևոր է, որ այս միջոցառմանը կատարողները ոչ թե պրոֆեսիոնալներ են, այլ ուսանողներ: Երիտասարդները պետք է ճանաչեն ներկայիս ստեղծագործողներին: Հուսով եմ, որ այսպիսի նախաձեռնությունները շարունակական կլինեն»:

 

 

Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ոչ միայն ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, ԵՊՀ երգչախումբը, այլև կոմպոզիտորները՝ իսկական տոն պարգևելով ունկնդիրներին: Ներկայացվեց նաև «Քաջ Նազարը» թատերական ներկայացումից մի փոքր հատված, որտեղ Նազարի կերպարը մարմնավորել էր ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ով այդ կերպարը կերտել է նաև ներկայացման՝ 2005 թ.-ին տեղի ունեցած պրեմիերայի ժամանակ:

 

Միջոցառման ավարտին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին, ԵՊՀ ղեկավարությանը՝ նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար. «Ստեղծագործողը սնվում է տիեզերքից. այդ ձայներն իսկապես այնտեղից են գալիս: Շնորհակալություն այդ ձայները ձեզ հասցնելու ևս մեկ հնարավորություն ստեղծելու համար»:

 

Կարինե Դավթյանի հավաստմամբ էլ՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում շարունակելու է առավել մանրամասն անդրադառնալ հայ երաժշտարվեստի կարկառուն ներկայացուցիչներին՝ ուսանողներին ծանոթացնելով նրանց մնայուն արվեստին:

 

 

Այլ նորություններ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԳՈԲԵԼԵՆՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գոբելենի վարպետության դաս, որը վարեց Հայաստանի և Ռուսաստանի ժողովրդական վարպետ Յուրի Հովսեփյանը:
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՆՊԱՏԱԿԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 9-րդ կրթամշակութային մեկշաբաթյա արշավ-ուխտագնացությունը դեպի Արցախ, որն այս տարի ուներ «Ազգ-բանակ» նշանաբանը: