26.05.2018 | 
Մշակույթ
ԵՊՀ ԲԵՄՈՒՄ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ
ԵՊՀ ԲԵՄՈՒՄ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և Վրաստանից ժամանած վրացական բանահյուսության քառյակի համատեղ համերգը:

Տոնական համերգին ներկա էին ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն առանձնահատուկ շեշտեց երկու երկրների մշակութային համագործակցության կարևորությունը:



«ԵՊՀ մշակույթի կենտրոնը շատ ակտիվ համագործակցություն է սկսել Հայաստանում Վրաստանի դեսպանության հետ,- ասաց Կարինե Դավթյանը,- անցյալ տարվանից այդ հարաբերությունները որակապես նոր փուլում են: Անցյալ տարի լրանում էր հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, և մենք ու Թբիլիսիի պետական համալսարանը համատեղ համերգ կազմակերպեցինք, որի հաջողված լինելու մասին են վկայում բազմաթիվ լավ կարծիքներն ու արձագանքները: Այդ համերգն ազդակ դարձավ նմանաբնույթ ձևաչափով հետագա համագործակցությունների համար»:

Կ․ Դավթյանը,անդրադառնալով միջոցառման կազմակերպմանն ու հիմնական նպատակին, նշեց, որ մշակութային հարթակում համագործակցելն արդեն երկկողմանի ավանդույթ է դառնում:



«Գաղտնիք չէ, որ այս տարի թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի համար առանձնահատուկ տարի է,- իր խոսքում ասաց Կարինե Դավթյանը,- երկու երկրներն էլ նշում են անկախության հռչակման հարյուրամյակը: Վրաստանի դեսպանության և անձամբ դեսպանի, ինչպես նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աջակցությամբ այս տարի երկու հանրապետությունների անկախության հարյուրամյակի տոնը նշելու են նույն մշակութային ձևաչափով»:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, որոնք իրենց պարային, ինչպես նաև երաժշտական կատարումներով կարողացան ոգևորել հյուրերին:

Իսկ տոնական միջոցառման առանցքը Վրաստանից ժամանած վրացական բանահյուսության քառյակի ազգային և ֆոլկ կատարումներն էին, որոնք ներկաներին վրացական յուրահատուկ տրամադրություն փոխանցեցին:


Հայ և վրաց ժողովուրդների գրականության, մշակութային, պատմագիտական սերտ առնչություններն ունեն խոր արմատներ և նույնքան հին են, որքան երկու երկրների պատմությունը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև աշխարհահռչակ ջազմեն, դաշնակահար Գարի Քյոսայանը և իր կինը՝ երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը:

Այլ նորություններ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանսիական երգի փառատոն, որը նվիրված էր Շառլ Ազնավուրին:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի և Ակադեմիական նվաճումների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ: