11.05.2019 | 
Կրթություն
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում այսօր տեղի ունեցավ Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով։

Գիտաժողովի կազմակերպիչը ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնն էր։

Միջոցառմանը ներկա էին Տավուշի փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը, Իջևան քաղաքի ավագանու անդամներ։


Հանրապետական գիտաժողովին մասնակցում էին մասնագետներ ԵՊՀ-ից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Վանաձորի պետական համալսարանից։


Միջոցառումը մեկնարկեց Կիրառական արվեստի մասնաշենքի նախասրահում արվեստի գործերի դիտումով։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բան․ գիտ. թեկնածու Վաչագան Ավագյանը։


Նա ողջունեց ներկաներին` արժևորելով Հովհաննես Թումանյանի գործունեությունը և ունեցած ավանդը ոչ միայն հայ, այլև համաշխարհային մտքի զարգացման գործում։


«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր հաստատությունն իր տանիքի տակ հավաքել է այսքան նշանավոր մարդկանց` անվանի գիտնականների, բարձրանուն թումանյանագետների, Թումանյանի մեծ սիրահարների»,- ասաց Վաչագան Ավագյանը։


Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանապազօրյա աղոթքով ողջունեց հավաքվածներին` բարի գալուստ ասելով Մեծ Բրիտանիայից ժամանած հյուրերին, որոնք ևս ներկա էին միջոցառմանը։


ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Արտակ Ցուցուլյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ գիտաժողովը հիանալի հնարավորություն է անդրադառնալու Թումանյանի կենսագրական դրվագներին և ստեղծագործություններին։




ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն իր ելույթում նշեց, որ նմանօրինակ գիտաժողովները մեծ դեր ունեն գրողների թե՛ կյանքը, թե՛ ստեղծագործությունները հանրայնացնելու գործում։ Նա պատմեց Թումանյանի տասհատորյակի հրատարակման մասին, ապա մասնաճյուղին նվիրեց արդեն լույս տեսած առաջին և երկրորդ հատորները։



Ողջույնի խոսքերին հետևեցին զեկուցումները։


ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հովհ. Թումանյանի կյանքի և գործի տարեգրության խմբի բաժնի վարիչ Վլադիմիր Կիրակոսյանի զեկուցումը վերաբերում էր թումանյանագիտության արդի խնդիրներին, որոնց շարքում բանախոսն առանձնացրել էր Թումանյանի ստեղծագործական մեթոդներին։


ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը ներկայացրեց Թումանյանի «Անքուն կկուն» ստեղծագործության հրատարակման պատմությունը։



Պրոֆեսոր Խաչիկ Վարդանյանը խոսեց Թումանյան-Շանթ ընկերության մասին` ներկայացնելով դրվագներ ու փաստեր նրանց ընկերական հարաբերություններից։




Տավուշ հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը գիտական հաղորդում ներկայացրեց Թումանյանի կենսագրական դրվագների վերաբերյալ։


Այնուհետև գիտաժողովը շարունակվեց երեք բաժիններում։


Քննարկումից հետո մասնակիցները ստացան հավաստագրեր։

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր մեկնարկեց 8-րդ Ասպիրանտական հնէակենդանաբանության համաժողովը, որը տևելու է մինչև հուլիսի 23-ը ներառյալ:
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնը պատրաստել է բակալավրիատի նոր, մրցունակ և գերհագեցած ծրագիր, որն առաջինն ու միակն է կրթական ոլորտում։