23.09.2017 | 
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 18-22-ը ԵՊՀ-ում անցկացվեց «Գերխիտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի արդի ֆիզիկա» խորագրով միջազգային գիտաժողովը:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի կողմից արդեն 4-րդ անգամ կազմակերպվող գիտաժողովի նպատակն է համախմբել կոմպակտ աստղերի, գերխիտ նյութի ֆիզիկայի, գրավիտացիայի և կոսմոլոգիայի, պուլսարների և նեյտրոնային աստղերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներին:

 

Գիտաժողովի գլխավոր կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ֆրանկֆուրտի Գյոթե համալսարանի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, դասախոս Արմեն Սեդրակյանն ասաց, որ այս խորագրով գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2008 թ.-ին. «Այդ տարի նշվում էր Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը, և մենք որոշեցինք կազմակերպել գիտաժողով, որի թեմատիկայի մեջ ընդգրկված կլինեն այնպիսի բնագավառներ, որոնցով զբաղվել է Համբարձումյանը»:

 

Հաջորդ գիտաժողովը կազմակերպվել է 2013 թ.-ին, որը նվիրվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի հիմնադիր Գուրգեն Սահակյանի 100-ամյակին: Այնուհետև որոշվել է 2 տարին մեկ Երևանում կազմակերպել գիտաժողով, որը կհամախմբի ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներին ամբողջ աշխարհից:

 

Տարեցտարի ընդլայնվում է մասնակից երկրների աշխարհագրությունը, ինչպես նաև Հայաստան եկող, կոմպակտ աստղերի ուսումնասիրությամբ, գրավիտացիայով և կոսմոլոգիայով զբաղվող գիտական խմբերի քանակը:

 

 

Կազմկոմիտեի անդամներ Ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՖԳՀԻ-ի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի գիտական ղեկավար Արամ Սահարյանը և նույն լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ՖԳՀԻ-ի փոխտնօրեն Աննա Քոթանջյանը փաստեցին, որ գիտաժողովի կայացմանն ու անցկացմանը մեծապես աջակցել է ԵՊՀ ղեկավարությունը՝ հանձին ռեկտոր Արամ Սիմոնյանի:

 

Կազմակերպիչները նշեցին, որ այս գիտաժողովն առանձնանում էր նրանով, որ երեսուն տարվա ընդմիջումից հետո դարձյալ Հայաստան ժամանեցին ռուսական Գրավիտացիոն հանրության (Гравитационное общество) անդամներ, մասնավորապես այդ գիտական կազմակերպության նախագահ, Տիեզերքի ծագման ինֆլյացիայի ժամանակակից տեսության ստեղծողներից մեկը, ՌԴԳԱ Լանդաուի անվան ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՌԴԳԱ ակադեմիկոս Ա. Ստարոբինսկին, փոխնախագահ, Կազանի ֆեդերալ համալսարանի պրոֆեսոր Ս. Սուշկովը, գերմանացի հայտնի գիտնական Հորստ Ստոկերը, բազմաթիվ տաղանդավոր գիտնականներ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ Իրանից, Հնդկաստանից:

 

Գիտաժողովի ընթացքում, բացի զեկուցումներից, տեղի ունեցան նաև երկարատև քննարկումներ:

 

Գիտաժողովի ավարտից հետո հանրաճանաչ պրոֆեսորներին հյուրընկալեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Նա պատասխանեց գիտնական-դասախոսների՝ թե՛ գիտությանը, թե՛ ուսմանը վերաբերող բազմաթիվ հարցերի, իսկ հետագայում համագործակցելու ցանկություն հայտնողներին առաջարկեց կազմել համագործակցության պլաններ, պայմանագրերի տարբերակներ ու ներկայացնել ԵՊՀ ղեկավարությանը՝ դրանք քննարկելու և մշակելու համար:

Այլ նորություններ
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովը:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: