28.09.2017 | 
Գիտություն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում մեկնարկեց «ՀՀ և Մերձավոր արտասահմանի տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական երկօրյա գիտաժողովը:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի կողմից կազմակերպված գիտաժողովը նվիրված է նույն  ամբիոնի նախկին վարիչ Թադևոս Հակոբյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովն անցկացվում է առաջիկայում կազմակերպվելիք ԵՊՀ 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:

 

Հանրապետական երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան մասնակիցներ ինչպես ԵՊՀ-ից, Հայաստանի այլ բուհերից, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, այնպես էլ Արցախից և Ռուսաստանից:

 

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ ինքն անձամբ ճանաչել է Թադևոս Հակոբյանին, բարձր է գնահատում նրան և՛ որպես գիտնական, և՛ որպես մարդ-քաղաքացի. «Թադևոս Հակոբյանը ընկերների շրջանում հայտնի էր Թաթիկ անունով: Միշտ իր ժպիտով բարի խորհուրդներ էր տալիս, մասնագիտական գիտելիքներով ուղղորդում ու մեծ հարգանք էր վայելում բոլորիս շրջանում: Այսօր էլ նրա կերպարը լավագույն օրինակն է մեր և եկող սերնդի համար»:

 

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Թադևոս Հակոբյանի դուստրը, ով իր շնորհակալությունը հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին. «Ես ծանոթացա գիտաժողովի ծրագրին և տեսա, թե ինչքան հետաքրքիր ու կարևոր զեկուցումներ են հնչելու: Բոլորին արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:

 

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ ասաց, որ Թադևոս Հակոբյանը մեծ վաստակ ունի ոչ միայն աշխարհագրագետների, այլև պատմագետների շրջանում. «Նա ահռելի ներդրում ունի ապագա պատմաբանների պատրաստման գործում: Ես նույնպես բախտ եմ ունեցել լինելու նրա ուսանողը և շատ հաճելի հուշեր ունեմ նրա հետ կապված: Իբրև գիտնական, իբրև վաստակաշատ մանկավարժ՝ նա իսկապես մեծ հետք է թողել պատմագրության ասպարեզում»:

 

Գիտաժողովի առաջին զեկուցումը, որը վերաբերում էր Թադևոս Հակոբյանի գիտամանկավարժական գործունեության վերլուծությանը և գնահատման փորձին,   ներկայացրեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Ակսել Պոտոսյանը:

 

«Թադևոս Հակոբյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, աշխարհագրության պատմությանը, Հայաստանի և հարակից շրջանների տեղանուններին: Նա հեղինակ է բուհական և դպրոցական դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, քարտեզների, գիտական բազմաթիվ հոդվածների և մենագրությունների»,- իր զեկուցման շրջանակում ներկայացրեց Ակսել Պոտոսյանը:

 

Տեղեկացնենք, որ գիտաժողովը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 29-ը:

 

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Հոկտեմբերի 18-19-ը ԵՊՀ այցելեցին Գրոնինգենի կիրառական գիտությունների Հենզի համալսարանի (Նիդերլանդներ) պատվիրության անդամները:
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: