03.06.2019 | 
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԻՐԱՆԻ ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆԻԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԻՐԱՆԻ ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆԻԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր կազմակերպել էր «Իմամ Խոմեյնիի գաղափարների և տեսակետների վերլուծություն» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին  ներկա  էին ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին,  Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների  և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ  տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը,  Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ամբիոնի դասախոսներ, ասպիրանտներ և ուսանողներ:

Պետք է նշել, որ Իմամ Խոմեյնին Իրանի պատմության մեջ հայտնի քաղաքական գործիչ էր, բանաստեղծ, փիլիսոփա, կրոնի վերածննդի խոշոր վերափոխիչ, մտավորական, որի մտքի արտահայտությունն Իսլամական հեղափոխությունն էր:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով այն կարևոր քաղաքական, հասարակական նաև հոգևոր դերակատարումը, որն Իմամ Խոմեյնին ունեցել է Իրանի համար, Իրանագիտության ամբիոնը որոշեց հերթական անգամ անդրադառնալ մեր հարևան գերտերության պատմությանը և արդի քաղաքական իրավիճակին:

 

«Ժամանակակից Իրանի ստեղծման հարցում հազիվ թե հնարավոր լինի թերագնահատել Իմամ Խոմեյնիի դերը,- շեշտեց Վարդան Ոսկանյանը,- Իրանը տարածաշրջանում հզոր և ազդեցիկ պետություն է: Հայաստանը, լինելով ԻԻՀ-ի հարևան, նաև բարեկամ պետություն, ուշի ուշով հետևում է այս պետության թե՛ ներքին, թե՛ արտաքին զարգացումներին, և այդ առաքելությունն առաջին հերթին իրականացնում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնը՝ որպես իրանագիտության բացառիկ կենտրոն ՀՀ-ում, Հարավային Կովկասում և նախկին Խորհրդային միության ողջ տարածքում»:

Իրանագիտության ամբիոնի վարիչը նշեց, որ միջոցառումը կարևոր է նաև ուսանողների համար, քանի որ նրանք հնարավորություն ունեն զեկույցների շնրհիվ առավել լավ ծանոթանալու Իմամ Խոմեյնիի կյանքի և գործունեության այն հատվածներին, որոնք ուսումնառության ընթացքում չեն ուսումնասիրվել:

Այնուհետև գիտաժողովի բացմանը Վարդան Ոսկանյանն անդրադարձավ ժամանակակից Իրանի առջև ծառացած մարտահրավերներին, Իմամ Խոմեյնի գաղափարախոսության արդիականությանը:

«Անարդար պատժամիջոցների արդյունքում Իրանն այսօր ունի լրջագույն խնդիրներ, բայց չի դադարում տարածաշրջանում գերտերություն լինելուց և իր ազդեցությանը շրջանակն ընդլայնելուց, այստեղ, իհարկե, մեծ դեր ունի այն գաղափարախոսությունը, որն առաջարկել էր Իմամ Խոմեյնին»,- փաստեց Վարդան Ոսկանյանը:

Գիտաժողովի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ ֆակուլտետի համար մեծ պատիվ է նմանաբնույթ գիտաժողովի անցկացումը:

«ԵՊՀ իրանագիտության ամբիոնը կամուրջ է Հայաստանի և Իրանի միջև, որովհետև հենց այս ամբիոնում է ձևավորվում մեր բարեկամ երկրի մասին ճիշտ և իրական պատկերը, այս ամբիոնում են դաստիարակվում այն ուսանողները, որոնք շարունակելու են անաչառ ներկայացնել երկու ժողովուրդների ճիշտ հարաբերությունները»,- ասաց դեկանը:

Գիտաժողովի ընթացքում խոսեցին նաև Գերաշնորհ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

Վերջինս անդրադարձավ այն կարևոր քաղաքական դերին, որ Իմամ Խոմեյնին ունեցել է Իրանի պատմության մեջ. «Ավանդաբար Իմամ Խոմեյնին կատարյալ մարդու կերպար է համարվում, որն իր մեջ ամփոփում է մարդու լավագույն հատկությունները, ինչը, շատ ուսումնասիրողների կարծիքով, հազվագյուտ երևույթ է: Պատմության մեջ այսպիսի մարդկանց շատ քիչ կարելի է հանդիպել»:

 

Գիտաժողովի երկրոդ մասում զեկուցումներով հանդես եկան ամբիոնի ասպիրանտները, որոնց ուսումնասիրության թեման Իմամ Խոմեյնիի քաղաքական հայացքներն էին և ծավալած գործունեությունը: