15.06.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԹՎԱՊԱՏՈՒՄ 2018» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԹՎԱՊԱՏՈՒՄ 2018» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
Հունիսի 15-16-ը ԵՊՀ-ում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Ինտերնյուս»-ի հետ կազմակերպել է հինգերորդ «Թվապատում» մեդիա կոնֆերանսը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունի: «Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Կոնֆերանսին աջակցում են նաև «Ֆրիդրիխ Նաումանի՝ հանուն ազատության» հիմնադրամը, «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեն, «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդը» (IREX) և «Մուլտիմեդիա» կրթության կենտրոնը (Վրաստան):

 



«Թվապատում» կոնֆերանսի առանցքում այս տարի մարդիկ և մեդիան են: Կոնֆերանսի հիմնական թեմաներն են մեդիան և կրթությունը, մեդիագրագիտությունը, հանրային մեդիայի դերն ու կարևորությունը, ապատեղեկատվության բացահայտումը, «թավշյա» հեղափոխության լուսաբանումը:

Կոնֆերանսի խորհրդանիշն է երիցուկը՝ որպես հավատալ-չհավատալու, ստուգել-չստուգելու, տարածել-չտարածելու և մի շարք այլ հարցերին պատասխանող սիմվոլ:



«Թվապատում 2018»-ը հյուրընկալել է ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանցներից, Շվեյցարիայից, Վրաստանից ժամանած բանախոսների: Կոնֆերանսին ներկա են լրագրողներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ ու մեդիասպառողներ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին կոնֆերանսին մասնակցելու համար:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Լայլա Անդրյուս Բաշանը նշեց, որ ժամանակակից հասարակությունն առերեսվում է բազում խնդիրների, մեդիաոլորտում առկա շատ մարտահրավերների: «Այս տարվա կոնֆերանսը հրաշալի հնարավորություն է խոսելու մեդիայի և հասարակության հարաբերությունների մասին»,- մեկնաբանեց Բաշանը:
«Ֆրիդրիխ Նաումանի՝ հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պիտեր Անդրեաս Բոխմանը ոգեշնչեց ներկաներին. «Օգտագործե՛ք Ձեր ունեցած տարածությունը»:

Կոնֆերանսը բաղկացած է թեմատիկ հինգ բաժանումներից՝ պատումներից: Պատումների ընթացքում բանախոսները խոսում են քաղաքացիական մեդիագրագիտության, լսարանի դերերի, ապատեղեկատվության բացահայտման, Հայաստանում տեղեկությունների ստուգման, թվային մեդիայում արշավների ու շատ այլ հարցերի շուրջ:
ԱՄՆ Էմերսոն քոլեջի քաղաքացիական մեդիայի և լրագրության դասախոս Փոլ Միհաիլիդիսը տեսաուղերձ էր հղել՝ չկարողանալով անձամբ ներկա գտնվել կոնֆերանսին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար, թվային մարդաբանության մասնագետ Լուսինեն Գրիգորյանը ներկայացրեց մեդիակրթությանը նպաստող խաղեր, որոնց միջոցով առաջարկվում է անցնել տարբեր փուլեր ու լուծել խնդիրներ՝ բովանդակային վերլուծություն կատարել, ստուգել նյութերի աղբյուրները, սովորել տարբերակել մանիպուլյացիոն մեթոդները: Այս ամենի շնորհիվ խաղի մասնակիցները ձեռք կբերեն մեդիայի մասին լուրջ գիտելիքներ:

ԱՄՆ-ի NewseumED.Ազատության ֆորում ինստիտուտի կրթական նախագծերի փոխնախագահ Բարբարա ՄաքՔոմեքը, խոսելով իրական մեդիագրագիտության մասին, նշեց, որ այն շատ կարևոր դեր ունի այսօր: Կեղծ տեղեկություններով լի աշխարհում խիստ անհրաժեշտ է ունենալ հմտություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տարբերակել կեղծ ու ճշմարիտ լուրերը՝ չդառնալով քաղաքական և գովազդային մանիպուլյացիաների զոհ: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Բարբարա ՄաքՔոմեքը անդրադարձավ այն խնդրին, որ «Թվիթեր»-ում մարդիկ տարածում են հղումներ, որոնց 89%-ն անձամբ չեն կարդում՝ դրանով իսկ տարածելով հաճախ կեղծ տեղեկատվություն:

«Բուն TV» կրթական հարթակների պատասխանատու Արթուր Աթայանը՝ առաջարկելով «խախտել» ավանդական կրթությունը, ներկայացրեց իրենց կրթական հարթակի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու նպատակները: «Բուն TV»-ն ստեղծվեց 2013 թվականին և կրում է այն գաղափարը, որ կրթությունը պետք է լինի բաց, անվճար, չուղղորդվող և հասանելի բոլորի համար: Կրթական հարթակն ունի 4 հիմնական ձևաչափ՝ զրույց, զեկույց, դասախոսություն, գիտակարգ:

 



Երկօրյա կոնֆերանսի ժամանակ ելույթ են ունենալու Բիլ Շրիբմանը (ամերիկյան «WGBH TV»-ի գլխավոր պրոդյուսեր), Ռայհան Դեմիտրիեն (BBC-ի հարավկովկասյան տարածաշրջանի թղթակից), Միխայիլ Կոզիրեվը (ռուսաստանյան «Дождь» ՀԸ-ի պրոդյուսեր, հաղորդավար), Սթան Վան Էնգելենը (Նիդերլանդների «VPRO» ՀԸ-ի գլխավոր խմբագիր), Նորա Լիվեն («Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ), Ջիմ Ֆրայը (ամերիկյան «Polygraph.info» կայքի գլխավոր խմբագիր), Նաթա Ձվելիշվիլին (Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի գործադիր տնօրեն), ինչպես նաև հայաստանյան մեդիադաշտի ներկայացուցիչները:

Ներկաները հնարավորություն ունեն քննարկել ժամանակակից մեդիայի նոր հնարավորություններն ու մարտահրավերները, փոխանակվել հետաքրքիր դիտարկումներով: Կոնֆերանսի թեման համահունչ է ժամանակաշրջանին: «Թավշյա» հեղափոխությունը գլխիվայր շրջեց նաև մեդիադաշտը՝ ուղիղ հեռարձակումների ու սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով մեդիա դարձնելով յուրաքանչյուրին:

 

Մարի Ռաֆյան 

 

Այլ նորություններ
Ո՞ՐՆ Է ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ ՏՈՀՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ  Է ԵՊՀ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿԱԶ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանի ներկայացրած «Մատենադարանի Լազարյանների արխիվը որպես 18‐19‐րդ դարերի հայոց պատմության սկզբնաղբյուր» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Կալիֆորնիայի համալսարանի կանցլեր Ջեն Բլոկին և պրոֆեսոր Էրիկ Իսրայելյանին: