26.09.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հայոց ազգային արժեքների պահպանում» ՀԿ-ի անդրանիկ համագումարը:

Մեզ հետ զրույցում կազմակերպության հիմնադիր անդամ Նարեկ Հովհաննիսյանը խոսեց վերջինիս հիմնադրման մասին, նշելով, որ հատկապես հիմա անհրաժեշտ է անդրադառնալ ազգային արժեքներին և ձեռնամուխ լինել դրանց պաշտպանության գործընթացին:

«Ես շատ եմ կարևորում այն, որ մեր տեսակետը կիսում են նաև մի շարք երիտասարդներ, ովքեր նույնպես գտնում են, որ մեր ազգայինը, հինը, ավանդականը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին»,- նշեց Նարեկ Հովհաննիսյանը:

Համագումարի բացմանը ելույթ ունեցավ Գեղամ սարկավագ Ավետիսյանը, ով իր ելույթում ասաց, որ ազգապահպանության հարցում անուրանալի է եկեղեցու և հավատքի դերը: «Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները եկեղեցին չդիտարկեն որպես հնացած կառույց, ավելին՝ նրանք պետք է  հասկանան, որ այն միշտ նոր է, քայլում է ժամանակին համահունչ, քանի որ եկեղեցին հենց մեր ներսում է»,- ասաց Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

 

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն էլ ավելացրեց, որ  նախկինում ազգային արժեքների պահպանման հարցն այդքան հրատապ չէր, բայց այսօր խնդիրը կարևոր է, որովհետև շատ կազմակերպություններ, ինչպես նաև հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումներ աղճատում են այդ արժեքները:

«Մենք պետք է կազմակերպված լինենք,- ասաց Գարիկ Քեռյանը,- որպեսզի գլոբալիզացման և համահարթեցման մարտահրավերները կարողանանք հաղթահարել: Այդ ճանապարհին մեր խնդիրն է պահել մեր հավատը, լեզուն և, իհարկե, ընտանեկան արժեքները, որոնք յուրաքանչյուրիս համար առաջնային են:»

 

Համագումարի վերջում մասնակիցները կազմակերպության նախագահ ընտրեցին Գևորգ Բաքարյանին, ով ներկա չէր հանդիպմանը, քանի որ ծառայում է ՀՀ զինված ուժերում:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունն այսօր կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ: