09.11.2017 | 
Հասարակություն
ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պատմագետների միության անդամների ընդհանուր համագումարը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, Հայաստանի պատմագետների միության նախագահ Արամ Սիմոնյանը. «Մեր ուսերին դրվում է մի ահռելի գործ, որովհետև ժամանակակից աշխարհում պատմագետների խոսքը պետք է զերծ մնա սպեկուլյացիայից և դառնա ազդեցիկ: Մեր հասարակության մեջ այդպիսի խոսքի կարիքն իսկապես զգացվում է»:

 

Զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՄ գործադիր տնօրեն, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Նա ողջունեց համագումարի մասնակիցներին և ներկայացրեց միության գործունեության ընթացիկ վիճակը. «Առաջինը, ինչը 2016 թվականին փորձեցինք անել, Պատմագետների դպրոցի ստեղծումն էր: Այն 2016 թվականին ունեցավ 40 ուսանող (պատմաբան), որոնց թվում՝ կային նաև ուսուցիչներ: Մեր միության անդամներից 10-ն այդտեղ հանդես են եկել դասախոսություններով: Հնարավորություն ունեցանք նաև համացանցի միջոցով տեսանյութերն ուղիղ եթերով տարածել Վանաձորի և Արցախի պետական համալսարաններում»:

 

Մհեր Հովհաննիսյանը խոսեց նաև անգլալեզու «Armenian Historical Journal» տարեգրքից. «Հանդեսը լինելու է բացառապես անգլերենով: Այն հավասարապես հասանելի կլինի և՛ էլեկտրոնային, և՛ տպագիր տարբերակով: Համալսարանն իր վրա է վերցրել նաև նյութերի թարգմանության խնդիրը»:

 

 

Միությունը նաև անցկացրել է «Հայոց պատմության նոր պարբերացման խնդիրները» գիտագործնական գիտաժողովը: Ներկայացված զեկուցումները տպագրվելու են 2017 թվականի «Հայագիտության հարցեր» հանդեսի 3-րդ համարում:

 

«Աշխատելու մեծ տեղ ու մարտահրավեր ունենք Սփյուռքի մեր գործընկերներին, հայրենակիցներին ներգրավելու հարցում: Մեր կանոնադրության համաձայն՝ անդամակցել կարող են բոլոր նրանք, ովքեր ունեն պատմաբանի բարձրագույն (առնվազն բակալավրի) կրթություն»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը:

 

Հայաստանի պատմագետների միությունը մինչև դեկտեմբերի 31-ը ընդունում է անդամակցության հայտեր:

 

Մհեր Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՊՄ անդամների և նոր անդամակցել ցանկացողների համար կազմակերպվելու են անգլերենի առկա դասընթացներ:

 

Համագուրմարին զեկուցումներով հանդես եկան ՀՊՄ խորհրդի անդամներ Ա. Մելքոնյանը, Կ. Խաչատրյանը, Ե. Մարգարյանը:

Այլ նորություններ
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» ՅԱԿՈԲ ՎՈՅՍԻԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոյսիկն է:
ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում: