28.03.2017 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ի և «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն իր աշխատասենյակում հյուրընկալեց «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»-ի ներկայացուցիչները:

 

«Մեր ուսանողների համար իսկապես լավ հնարավորություն է ընձեռված ոչ միայն առաջին ձեռքից ծանոթանալու ՀՀ-ի առաջատար ոլորտներում գործող ընկերությունների գործունեությանը, այլև անմիջական շփումներ ունենալու կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ»,- ասաց Լիլիթ Հակոբյանը:

 

Կողմերը քննարկեցին արդյունավետ և երկարատև փոխգործակցության, բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդման, ինչպես նաև ուսանողների պրակտիկայի կազմակերպման հնարավորություններն ու հեռանկարները:

 

Ալեքսանդր Գրիգորյանը նախ հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը և զարգացման միտումները, այնուհետև նշեց.«Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»-ի հետ համագործակցությունը մեր ուսանողների համար փորձառության, պրակտիկ գիտելիքներ ստանալու, ինչպես նաև կարիերա կառուցելու լուրջ հնարավորություններ կարող է ստեղծել»:

 

Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ անդրադարձավ բուհ-գործատու-աշխատաշուկա համագործակցության խնդիրներին և համալսարանի ղեկավարության կողմից դրանց լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

 

Այնուհետև Փոլ Էդգարը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հանդիպեց համալսարանականների հետ:

 

«Ես առաջին անգամ եմ Երևանի պետական համալսարանում: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Մայր բուհում և հանդիպել ձեզ հետ: Պետք է նշեմ, որ առաջին իսկ օրվանից շատ եմ սիրել նաև Երևանը և հյուրընկալ հայերին»,- նշեց Փոլ Էդգարը:

 

«Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենն ուսանողներին որոշ կենսագրական տվյալներ ներկայացրեց, խոսեց բանկի պատմության, ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում իրականացվող գործունեության մասին, այնուհետև անդրադարձավ բանկային գործի կազմակերպմանը, աշխատանքային առանձնահատկություններին և հմտություններին:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները բանախոսին ոչ միայն հարցեր էին ուղղում, այլև մեծ ոգևորությամբ պատասխանում հյուրի կողմից հնչեցված հարցադրումներին:

 

ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված ծրագիրը մասակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու ներայումս ՀՀ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ոլորտների կազմակերպությունների գործունեությանը և կադրային քաղաքականության:

 

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ լավագույնները ծրագրում ընդգրկված կազմակերպությունների կողմից կստանան պրակտիկայի կամ աշխատանքի առաջարկ:

 

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում ուսանողները հանդիպումներ կունենան ՀՀ-ում գործող մի շարք այլ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Այլ նորություններ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Համառուսական ուսանողական սոցիալական նախաձեռնությունների մրցույթի հաղթողների և ծրագրի համակարգողների պատվիրակությունը Հայաստանում կազմակերպված փորձի փոխանակման այցի շրջանակներում քննարկեցին ԵՊՀ-ի հետ համագործակցության հեռանկարները:
ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում նշվեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանի 70-ամյակը: