02.12.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր:

Մեզ հետ զրույցում Էլինա Ասրիյանը փաստեց, որ նոր համագործակցությունը հնարավորություն կտա ԵՊՀ ուսանողներին և երիտասարդ փորձագետներին պետական տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտներում անմիջական մասնակցություն ունենալու և գիտական ու կրթական նախագծեր փորձարկելու:

 

«Այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա կազմակերպելու պրակտիկա, ինչպես նաև երիտասարդ կադրերի համատեղ վերապատրաստում»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը:

 

Նրա փոխանցմամբ, նոր համագործակցության նպատակներից է նաև տեղեկատվության և հասարակության հետ կապերի ոլորտում կամավորների բազայի ստեղծումը և  պետական տեղեկատվական քաղաքականության ու բարձրագույն կրթության համակարգի զարգացման համար շահագրգիռ կողմերի կարողությունների և ռեսուրսների լիարժեք օգտագործումը:

 

Էլինա Ասրիյանն ասաց, որ կողմերի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել և անցկացնել համատեղ ֆորումներ, գիտաժողովներ, ամառային և ձմեռային դպրոցներ, սեմինարներ, վեբ-դասեր, կլոր սեղաններ և վարպետության դասեր, որոնց ներգրավված են լինելու ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, տարբեր ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ և միջազգային փորձագետներ:

 

«Կենտրոնի մասնագետները մասնակցություն են ունենալու դասավանդման, փորձագիտական խորհրդատվության, գիտական աշխատանքների վերլուծության, ինչպես նաև ուսանողների բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրախոսման և այլ գործընթացներում»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը:

 

Բացի դրանից՝ ԵՊՀ համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների ուսանողների, ասպիրանտների և դիմորդների համար կազմակերպվելու են նախապատրաստական, նախադիպլոմային և գիտական պրակտիկաներ, ինչպես նաև մշակվելու և իրականացվելու են ընդհանուր նախագծեր:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի տիկինը՝ մեքսիկուհի Անա Գարսիան:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ  ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: