06.04.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագուլյանն ասաց, որ ամբիոնի և կրթահամալիրի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2019 թվականից, երբ սկսել են իրականացնել գիտական հետազոտական աշխատանքների շարք, որպեսզի դրանց արդյունքները ներկայացնեն «Համադպրոցական գիտության փառատոնին»:

 

«Փառատոնի նպատակն էր աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել գիտական հետազոտությունների խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման նկատմամբ, ինչպես նաև զարգացնել աշխատանքի արդյունքները ներկայացնելու հմտությունները»,- նշեց ամբիոնի վարիչը:

 

Նրա խոսքով, աշակերտների հետ աշխատել են ամբիոնի ավագ լաբորանտ Ռուզաննա Մաթևոսյանը և ամբիոնի դոցենտ Իռեն Շահազիզյանը:

 

Ամբիոնի վարիչը հայտնեց, որ կրթահամալիրի սաներին հետաքրքիր է եղել պարզաբանել մանրադիտակային հողային սնկերի ազդեցության աստիճանը տարբեր ծագում ունեցող պոլիմերային նյութերի վրա. «Աշխատանքի ընթացքում նրանք ծանոթացել են մանրադիտակային հողային սնկերի կառուցվածքային առանձնահատկություններին՝ գնահատելով վերջիններիս դերը որպես կենսավնասման ագենտներ։ Գործնական աշխատանքների ժամանակ սաներին են ներկայացվել լաբորատորիայում գործող սարքերը, նրանք յուրացրել են փորձերի ընթացքը»։

 

Սիրանուշ Նանագուլյանը պատմեց, որ աշակերտների կողմից իրականացվող փորձերի արդյունքները փաստում են այն մասին, որ հետազոտվող պոլիմերային նմուշները պարունակում են մանրադիտակային հողային սնկերի համար սննդանյութեր, որոնք նպաստում են դրանց զարգացմանը: 

 

«Հետևաբար սնկերով կենսաքայքայումը հնարավոր է, սակայն պահանջում է զգալի ժամանակահատված, ինչը հնարավոր է կրճատել՝ փոփոխելով ինչպես էկոլոգիական պայմանները՝ ջերմաստիճանը, խոնավությունը, այնպես էլ աճը խթանող որոշ գործոններ»,- նշեց ամբիոնի վարիչը:

 

Երկարատև աշխատանքից հետո այս տարվա մարտի 3-ին աշակերտներն առցանց հանդես են եկել «AESA Science Olympiad»-ին, որտեղ արժանացել են «Honorable Mention Award» պատվավոր մրցանակին։ Օլիմպիադային մասնակցել է ավելի քան 60 մասնակից ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից: Կրթահամալիրի սաները «Senior Life Sciences» ոլորտում հայտնվել են լավագույն վեցնյակում։

 

Արդեն ապրիլի 3-ին տեղի ունեցած «Համադպրոցական գիտության փառատոնին» «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաներից կազմված հետազոտական խումբը «U.S. Agency for International Development»-ի (USAID) կողմից արժանացել է հատուկ մրցանակի։

 

Սիրանուշ Նանագուլյանը փաստեց, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը միշտ պատրաստ է աջակցել երիտասարդներին իրենց գիտական նախաձեռնություններում, ստեղծել գիտական միջավայր և հնարավորինս խթանել նրանց ներգրավվածությունը գիտահետազոտական բնույթի տարբեր աշխատանքներում, կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ և գործնական դասընթացներ՝ ուղղված երիտասարդների հետազոտական հմտությունների ձևավորմանը, զարգացմանը և գիտական գրագրության բարձրացմանը։ 

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ՄՊՀ անդամ, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ.Տիգրան Մարկոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց: