17.04.2019 | 
ԵՊՀ-Ի ԵՎ ՆՈՎԳՈՐՈԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
 ԵՊՀ-Ի ԵՎ ՆՈՎԳՈՐՈԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր ուսանողների համար «Հայաստանի վիզուալ նշանները Սիբիրում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Նովգորոդի պետական համալսարանի աստվածաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Ավանեսովը:

Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց, թե ինչպես է հայ ժողովուրդն ապրում Սիբիրի Տոմսկ քաղաքում և ինչպիսի ներգրավվածություն ունի տեղի մշակութային կյանքում: «Սիբիրի քաղաքներում չկան էթնիկ թաղամասեր, այդ իսկ պատճառով հետաքրքիր է հասկանալ, թե ինչ գործունեություն են ծավալում այնտեղ բնակվող հայերը»,-ասաց նա և ներկայացրեց բոլոր այն հայկական խորհրդանիշները, որոնք գտել է Տոմսկ քաղաքում. դրանք են Արարատ լեռը, արծիվը, նուռը, խաչքարը, ազգային դրոշը, առյուծը: «Ես փորձել եմ գտնել, թե որտեղ են այս խորհրդանիշները հիմնականում օգտագործվում»,- ասաց բանախոսը և հավելեց, որ տարբեր տեսողական նշանների, պատկերների ու ճարտարապետական լուծումների, ստեղծագործությունների, հատկապես խաչքարի շնորհիվ հստակ երևում է հայերի մասնակցությունը տեղի մշակութային կյանքին:

 

 

Նրա խոսքով, հայկական Սփյուռքը մյուս ազգերի համեմատ ամենաակտիվն է Սիբիրում և հաճախ է կազմակերպում տարբեր մշակութային միջոցառումներ: Բանախոսը նաև նշեց, որ Սիբիրի հայերն ակտիվորեն մասնակցում են տարբեր ազգերի կողմից կազմակերպվող մշակութային ծրագրերին, որն էլ նպաստում է ազգերի միջմշակութային հարաբերությունների զարգացմանը:  

 

Խոսելով խոհանոցի մասին՝ պրոֆեսորը շեշտեց, որ եթե մյուս ազգերի խոհանոցները ներկայանում են պարզապես որպես գովազդային ապրանք, ապա հայկական խոհանոցը մատուցվում է «մշակութային փաթեթավորմամբ», այսինքն՝ այն ներկայացվում է ոչ թե որպես պարզապես ուտելիք, այլ ազգային մշակույթի մի մաս:

 

 

Դասախոսությունից հետո Սերգեյ Ավանեսովը հյուրընկալվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակում: Հանդիպմանը ներկա էին նաև Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Սիմյանը:

 

ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին Երևանի և Նովգորոդի պետական համալսարանների միջև համագործակցության ուղիները:

 

Արամ Սիմոնյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի պատմությունը, կառուցվածքը, կրթական ծրագրերը, ինչպես նաև ամբիոնների գործունեությունը, կատարած աշխատանքները:

 

Այնուհետև Սերգեյ Ավանեսով շնորհակալություն հայտնեց բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար, պատմեց Նովգորոդի պետական համալսարանի մասին և նշեց, որ այնտեղ Աստվածաբանության ֆակուլտետ չկա, այլ գործում է միայն Աստվածաբանության ամբիոն: Նա նշեց, որ ողջունելի կլինի, որ բուհերը համագործակցեն աստվածաբանության և հնագիտության ոլորտներում:

 

Հանդիպման վերջում ԵՊՀ-ի և Նովգորոդի պետական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում երկու բուհերը համատեղ իրականացնելու են կրթական, գիտական ու հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև իրականացվելու են ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր, համատեղ կազմակերպելու են մշակութային միջոցառումներ:  

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան