Անվանի հայագետ Մայքլ Սթոունը Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: Հայագիտության կենտրոնը նա հիմնել է 1967 թ., որը գործում է առ այսօր: Մայքլ Սթոունը հիմնադրել և նախագահել է նաև «Հայագիտության միջազգային ընկերակցությունը», որն այսօր հայագիտության առաջատար կազմակերպություններից մեկն է:
Մայքլ Սթոունին և Ռուվեն Ամիտային հյուրընկալեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության կենտրոնի ներկայացուցիչները պատմեցին իրենց գործունեության մասին:
Կողմերը քննարկեցին նաև երկու կառույցների միջև հաստատված համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիները: Գեղամ Գևորգյանը փաստեց, որ պատրաստ է աջակցելու երկկողմ գաղափարների իրականացմանը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Մայքլ Սթոունին և Ռուվեն Ամիտային հրավիրեց՝ մասնակցելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերին:
Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության կենտրոնի ներկայացուցիչները ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո այցելեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ հանդիպեցին ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանի և Ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայագիտության հիմնահարցեր և համատեղ համագործակցության հնարավորություններ, մասնավորապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացում, երկու համալսարանների դասախոսների փոխայցելությունների իրագործում, որոնց ժամանակ նրանք հանդես կգան Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, տարածաշրջանային քաղաքականության և սփյուռքագիտության հարցերի ուսումնասիրությունների վերաբերյալ դասախոսություններով:
ԵՊՀ-ն պատրաստակամություն է հայտնել ուսումնական մեկ կիսամյակի ընթացքում հյուրընկալելու Երուսաղեմի եբրայական համալսարանի ուսանողներին՝ հայոց լեզվի ուսուցման նպատակով:
Ի դեպ, հանդիպման ընթացքում հյուրերը պատմեցին, որ իրենց կողմից այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառմանն առաջին անգամ մասնակցել է նաև Երուսաղեմի եբրայական համալսարանի ռեկտորը:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում տեղի է ունենում քիմիայի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը:

ՀՀ գիտության կոմիտեի և Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL-ի) միջև պայմանագրի շրջանակում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնը մասնակցում է միջազգային երկու ծրագրերի, որոնց նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն և ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության ուսումնասիրություն: