24.07.2017 | 
Կրթություն
ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը դասախոսություն է կարդացել ֆրանսիական Ռենա Դեկարտի անվան համալսարանում (Փարիզ 5):

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել «Չհագեցած լակտոնների և լակտամների բազմաֆունկցիոնալ ներկայացուցիչների ստացումը և կենսաբանական հետազոտումը» խորագրով դասախոսությունը, որի շուրջ  մասնագետները ակտիվ քննարկում են ծավալել՝ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով:

 

Ֆրանսիայում բժշկական գիտությունների բնագավառում առաջատար համալսարան համարվող Ռենա Դեկարտի անվան համալսարանի (Փարիզ 5) հետ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի համագործակցությունն ավելի քան երկու տարվա պատմություն ունի: Դեկարտի անվան համալսարանի մասնագետները համաձայնել են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում ստացված նորագույն նյութերը ենթարկել կենսաբանական ստուգման և հայտնաբերել դրանց կիրառական բնագավառը:

 

«Օրգանական քիմիայի ամբիոնում ստացված մի շարք օրգանական նյութեր լուրջ հետաքրքրություն են առաջացրել ֆրանսիացի մեր գործընկերների շրջանում: Ներկայումս քննարկվում է դրանք ակադեմիական հանրությանը ներկայացնելու հարցը՝ հոդվածների տեսքո՞վ, թե՞ արտոնագիր շնորհելու եղանակով»,- ասում է պրոֆեսորը և հավելում, որ համագործակցության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ իրականացնելու նոր նյութերի սինթեզում՝ կատարելագործելով դրանց հատկությունները:

 

Քիմիական նոր նյութերը ներկայացնելու նպատակով Գագիկ Մելիքյանը հրավիրվել է Դեկարտի անվան համալսարան՝ քիմիկոսների և կենսաբանների համար նախատեսված գիտական սեմինարին մասնակցելու համար:

 

Համալսարանականի ներկայացրած թեմայի վերաբերյալ բարձր կարծիք է հայտնել Դեկարտի անվան համալսարանի պրոֆեսոր Պիեռ-Օլիվիե Վիդալանը, ով իր գործընկերներին հորդորել է համագործակցել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի հետ:

 

Հավելենք, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնն ակտիվ փոխգործակցում է նաև Պիեռ և Մարի Կյուրիների անվան համալսարանի (Փարիզ 6) հետ:

 

«Պիեռ և Մարի Կյուրիների անվան համալսարանի մասնագետների հետ մի շարք հոդվածներ ենք արդեն հրատարակել միջազգային գիտական ամսագրերում: Նշեմ նաև, որ Լիոնի Պաստերի ինստիտուտը նույնպես մեզ համագործակցության առաջարկ է արել: Առաջիկայում կմշակվի փոխգործակցության ծրագիր, և կնշմարվեն համագործակցության բոլոր հնարավոր եզրերը»,- ամփոփեց Գագիկ Մելիքյանը:

Այլ նորություններ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՆՊԱՏԱԿԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 9-րդ կրթամշակութային մեկշաբաթյա արշավ-ուխտագնացությունը դեպի Արցախ, որն այս տարի ուներ «Ազգ-բանակ» նշանաբանը:
ԱՄՓՈՓՎԵՑ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2017-Ը
Մեկ ամիս շարունակ հայրենիքում վերապատրաստվող սփյուռքահայերը մասնագիտական գիտելիքները համալրելուց և Հայաստանի տեսարժան վայրերն այցելելուց հետո վերադառնում են իրենց բնակության վայր՝ շուտով հայրենիք կրկին վերադառնալու ակնկալիքով: