25.05.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Մայիսի 24-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը ստորագրեցին մասնագիտական համագործակցության օժանդակության պայմանագիր:

ԵՊՀ ռեկտորն իր աշխատասենյակում ընդունեց գերմանական պատվիրակության անդամներին՝ ի դեմս Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդի,  Բրանդենբուրգի գիտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի, նախարարության միջազգային և ԵՄ գործերի շտաբի ղեկավար Գունդելա Հերվիգի, նախարարության աշխատակցուհի Էլկե Կիեսլերի, ինչպես նաև Հայաստանում ԳԴՀ դեսպան Մատթիաս Կիեսլերի:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին:

 

Մեզ հետ զրույցում Մհեր Հովհաննիսյանն ասաց, որ արդեն երկու տարի է, ինչ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի միջև առկա է ինստիտուցիոնալ փոխհամագործակցություն. «Այդ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կողմերը որոշեցին դրան իրավական հենք տալ: Կնքված համաձայնագիրը կօգնի նաև ընդլայնել փոխհամագործակցության սահմանները»:

 

Համաձայն կնքված պայմանագրի՝ համագործակցությունն ընդգրկում է հայ-գերմանական հարաբերությունների համատեքստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտությունների իրականացում և Յոհաննես Լեփսիուսի՝ Հայկական հարցին վերաբերող գրական ժառանգության գիտական մեկնաբանություններով ապահովված հրատարակության նախապատրաստման և իրականացման աշխատանքներ:

 

Մհեր Հովհաննիսյանի հավաստմամբ՝ համագործակցության շրջանակում իրականացված հետազոտական աշխատանքները նախևառաջ մի քանի հատորյակով լույս կտեսնեն գերմաներենով, իսկ հետո արդեն դրա հատընտիր տարբերակը (Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածները) արդեն հայերենով լույս կտեսնի Հայաստանում:

 

Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես եկավ նաև առաջարկությամբ՝ գերմանական պատվիրակությանն առաջարկելով համագործակցության շրջանակում Գերմանիայում ստեղծել հայագիտական հետազոտական կենտրոն, որը կզբաղվի նաև հայ-գերմանական հարաբերությունների պատմագիտական դաշտի ուսումնասիրությամբ, ինչին Մարտինա Մյունխն արձագանքեց աջակցելու պատրաստակամությամբ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՏՐՈՄՍՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Նորվեգիայի արկտիկական համալսարանից (Տրոմսո) ժամանած պատվիրակությանը:
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 13-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած խորհրդակցությունը ղեկավարում էր ռեկտոր Արամ Սիմոնյանը: