19.03.2018 | 
Կրթություն
ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՇՊՀ-ՈՒՄ
ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՇՊՀ-ՈՒՄ
Մարտի 16-ին ԵՊՀ դասախոսների մասնակցությամբ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) անցկացվել է սեմինար-դասախոսություն:

Դասախոսությունը կազմակերպվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի և ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի համագործակցության շրջանակում:

 

Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը,  ամբիոնի աշխատակիցներ Գեորգի Պապովը, Աստղիկ Ղազարյանն ու Տիգրան Հայրապետյանն   ուսանողներին ներկայացրել են ՀՀ կենսաբազմազանությունը, դրա ուսումնասիրության և պահպանության ժամանակակից մեթոդները, ինչպես նաև ոլորտի վերջին գիտական տվյալները:  

 

Մասնավորապես՝ Մ. Առաքելյանը խոսել է տարածքի կենսաբազմազանության առավել խոցելի խմբերի ու դրանց պահպանման համար իրականացվող միջոցառումների մեթոդաբանության մասին: ԵՊՀ մասնագետներն անդրադարձել են նաև կոնկրետ կենդանատեսակների՝ թռչունների, կրծողների և այլ խմբատեսակների կենսամիջավայրին, բազմացմանը, սննդային շղթային և այլ հարցերին:

 

Սեմինարի վերջում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների միջև ծավալվել են քննարկումներ:

 

«Ուսանողները բավականին ակտիվ էին և հետաքրքրված կազմակերպված դասախոսությամբ, ուստի նմանաբնույթ հանդիպումները շարունակական կլինեն»,- հավաստիացնում է ամբիոնի դասախոս Աստղիկ Ղազարյանը:

 

Գործընկեր համալսարանի մասնագետները նախնական համաձայնության են եկել գիտակրթական նոր թեմատիկ միջոցառումներ կազմակերպելու գործում։

 

Հավելենք, որ դեռևս 2015 թ.-ից ծավալվող փոխգործակցության շրջանակում Շիրակի մարզում իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, որոնց մասնակցել են և՛ ԵՊՀ-ի, և՛ ՇՊՀ-ի ուսանողները, ովքեր ուսումնասիրությունների արդյունքներն ընդգրկել են իրենց ավարտական աշխատանքներում։

 

Ուսումնասիրվել են Շիրակի մարզի կենդանական աշխարհը, մասնավորապես՝ կաթնասունների տեսակները, որոնք, մասնագետների պնդմամբ, տվյալ մարզում բավականին խոցելի են:

 

 

«Ուսանողների ավարտական աշխատանքները ղեկավարում էին և՛ համալսարանականները, և՛ ՇՊՀ մասնագետները: Արդյունքում երիտասարդները  հետաքրքիր ուսումնասիրություններ էին իրականացրել»,- նշեց Ա. Ղազարյանը:

 

ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի աշխատակից Անգին Գրիգորյանը, ով, ի դեպ, ԵՊՀ շրջանավարտ է, կարևորում է Մայր բուհի հետ համագործակցությունը և պարբերաբար գիտական սեմինարների շարք կազմակերպելու նոր առաջարկներով է հանդես գալիս՝ ուսանողներին գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտություններ փոխանցելու նպատակով:

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դեկտեմբերի 10-ից 14-ը տեղի կունենա դասախոսությունների շարք, որը կվարի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ելենա Բուտորինան։