20.06.2019 | 
Հասարակություն
Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են կողմերի միջև համագործակցություն հաստատելու ուղղությունները:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական քարտուղար Արփինե Փիլոյանը:

Հանդիպման ընթացքում Գեղամ Գևորգյանը և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:


Ըստ համաձայնագրի՝ կողմերը պատրաստվում են կազմակերպել ուսանողական պրակտիկաներ, մշակել գիտահետազոտական և կրթական համատեղ նախագծեր ու իրականացնել դրանք:




Գեղամ Գևորգյանը նշեց, որ ԵՊՀ-ն ու Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան համագործակցում են շատ վաղուց:  «Տարիներ շարունակ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցները, որոնց մեծամասնությունը ԵՊՀ շրջանավարտներն են, դասավանդել են համալսարանում: Կարծում եմ, որ այս ավանդույթը շարունակական կլինի: Իսկ կնքված պայմանագրի արդյունքում համագործակցությունն էլ ավելի կակտիվանա»,- հավելեց Գ. Գևորգյանը:


«Գիտահետազոտական համագործակցության շրջանակում համատեղ կիրականացվեն տարբեր փորձեր, որտեղ կընդգրկվեն ԵՊՀ ուսանողները, դասախոսները և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատողները: Նախատեսվում է համատեղ մշակել մագիստրոսական ծրագիր, որի շրջանակում դասախոսություններ կկարդան և՛ ԵՊՀ դասախոսները, և՛ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցները: Մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսանողները իրենց գործնական պարապմունքները կանցկացնեն Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում և ԵՊՀ-ում»,- ասաց Արփինե Փիլոյանը:




Անի Ապրահամյանի խոսքով, հանրապետության գիտական կենտրոնները, համատեղ ծրագրեր իրականացնելով, կարող են ավելի մեծ հաջողությունների հասնել:


Ռաֆիկ Հակոբյանի կարծիքով, այս համաձայնագիրը նոր շունչ կհաղորդի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի միջև արդեն իսկ հաստատված համագործակցությանը: «Այս համագործակցության շրջանակում կօգտագործվեն երկու կողմերի լաբորատորիաները, կիրականացվի նաև կադրերի փորձի փոխանակում, ինչպես նաև կմշակվեն համատեղ կրթական և գիտական ծրագրեր»,- հավելեց նա:


Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՊՀ կոնֆերենց դահլիճում Անի Ապրահամյանը ներկայացրեց Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական ուղղությունները, նվաճումները, փորձարարական բազան: 


Այլ նորություններ
Արի՛ ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգին
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգին, որի ժամանակ ելույթ են ունենալու Aram MP3-ն, Գոռ Սուջյանը և DJ Շանթը։
ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ. ՀԵՇՏ Է ԼՍԵԼ ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Գերծանրաբեռնված առօրյայի, ազատ ժամանակի սակավության պայմաններում մարդիկ հաճախ ստիպված են լինում մի քանի գործողություն միաժամանակ անել: Ընթերցելու համար ժամանակ գտնելն այսօր շատ ավելի բարդ է, քան երբևէ: Ժամանակը խնայելու, բայց միաժամանակ սիրելի վեպերը վերանայելու կամ նորերն ընթերցելու համար մեզ օգնության են հասնում աուդիոգրքերը: Եթե գիրք կարդալու ժամանակ չունեք, այն կարող եք լսել տրանսպորտում, ավտոմեքենայի ղեկին, քայլելիս, ճաշ պատրաստելիս, լողավազանում՝ հատուկ ականջակալներով: