13.04.2017 | 
Գիտություն
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Միջազգային ինտեգրման նոր եղանակները հետխորհրդային տարածքում» թեմայով հեռավար գիտաժողով:

Գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ու ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի Հաղորդակցման ուղիների Ուրալի պետական համալսարանի նախաձեռնությամբ:

 

Արդեն երկրորդ տարին անցկացվող գիտաժողովին մասնակցում էին երկու համալսարանների դասախոսներ, ասպիրանտներ և ուսանողներ: Նպատակն էր ամրապնդել կապը երկու համալսարանների միջև, իրականացնել գիտական փորձի փոխանակում:

 

Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Ենգոյանը և տեղեկացրեց, որ ինչպես նախորդ գիտաժողովի պարագայում, այս անգամ նույնպես նախատեսվում է հրատարակել հոդվածների ժողովածու:

 

Համատեղ գիտաժողովի ընթացքում հնչեցին 14 զեկուցումներ, որոնք վերաբերում էին երկու երկրների միջազգային ինտեգրման գործընթացներին, համագործակցություններին, խնդիրներին և դրանց հետ կապված տնտեսական ու քաղաքական ասպեկտներին:

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Անանյանը, հանդես գալով «Հայաստանը միջազգային ինտեգրման գործընթացներում» զեկուցմամբ, նշեց, որ այս համատեքստում պետք է քննարկել Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հետ:

 

«Հետազոտությունների արդյունքում կարելի է արձանագրել, որ Հայաստանն ունի ներուժ, որով կարող է հարաբերություններ հաստատել և՛ Եվրոպական միության, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ՝ դառնալով կապող երկիր ինտեգրման   երկու կազմակերպությունների համագործակցության համար»,- ասաց Գայանե Անանյանը:

 

Հաղորդակցման ուղիների Ուրալի պետական համալսարանի փիլիսոփայության և պատմության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Կոնովն էլ իր զեկուցման ընթացքում նշեց, որ Հայաստանը կամուրջ է հարավային Ասիայի ու Եվրոպական տարածաշրջանի միջև. «Այն շատ կարևոր տարածք է բոլոր առումներով՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և այլն»:

 

Տեղեկանցնենք, որ զեկուցումների ավարտին հետևեց քննարկումը:

Այլ նորություններ
ՎԱՂՈՒՑ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ, ԲԱՅՑԵՎ ԱՌԵՂԾՎԱԾ ՄՆԱՑԱԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր անցկացվեց «Չարենցյան ընթերցումներ» ավանդական դարձած գիտական նստաշրջանը:
ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում Նիկոլ Դումանի 150-ամյակը նշում են արցախցի գործընկերների հետ: