16.10.2017 | 
Քաղաքականություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է կազմակերպել ավագ դպրոցների աշակերտների այցերը դեպի Մայր բուհ, ինչպես նաև բուհի դասախոսների դասախոսությունները ավագ դպրոցներում:

Կազմակերպվող բոլոր այցերը նպատակ ունեն նպաստել դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել  իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի Մայր բուհ:

 

Հոկտեմբերի 6-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն այցելել էր «Հերացի» ավագ դպրոց, որտեղ 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար ներկայացրել էր «ՀՀ սահմանադրական փոփոխությունները» թեմայով դասախոսությունը:

 

Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանն ասաց, որ թեման ներկայացվել է դպրոցականներին հասու խորությամբ. «Ներկայացվել են ընդհանուր դրույթներ, աշակերտների հետ քննարկել ենք փոփոխություններով պայմանավորված կառավարման նոր համակարգը: Կարծում եմ՝ շատ արդյունավետ հանդիպում ստացվեց, որովհետև աշակերտներն էլ շատ ոգևորված և ակտիվ էին»:

 

Գագիկ Ղազինյանի հավաստմամբ՝ հանդիպումը մեծապես նպաստեց աշակերտների ապագա մասնագիտական կողմնորոշմանը. «Այս ձևաչափով անցկացվող բոլոր հանդիպումները հնարավորություն են տալիս աշակերտներին լինելու իրազեկված, իմանալու, թե ինչ է սպասվում նրանց տվյալ մասնագիտությունն ընտրելու դեպքում»:

 

 

Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, մասնագիտական կոմնորոշման նպատակով Երևանի համար 142 ավագ դպրոցում էլ «Հավանականությունների տեսության տարրերը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Տիգրան Խաչիկյանը:

 

Մեզ հետ զրույցում պարոն Խաչիկյանն ափսոսանք հայտնեց, որ դասախոսության համար նախատեսված ժամանակը քիչ էր. «Նման թեմաներով դասախոսությունների համար, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ չի ստացվում: Կարելի է շարունակական ծրագիր մշակել»:

 

Հոկտեմբերի 10-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը հյուրընկալել էր համար 54 ավագ դպրոցի աշակերտներին:

Ապագա ուսանողներն այցի շրջանակում ծանոթացան Մայր բուհի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև ԵՊՀ պատմությանը:

 

Աշակերտների համար դասախոսություն կարդաց Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը: Դասախոսության շրջանակում տիկին Աբաջյանն աշակերտներին բացատրեց բայի սեռը, պատասխանեց նրանց հարցերին և հետագա հաջողություններ մաղթեց. «Սիրե՛ք մեր լեզուն, պահպանե՛ք ու փայփայե՛ք այն և անպայման վերադարձե՛ք Մայր բուհ: Վստահեցնում եմ, որ այստեղ ոչ միայն բարձրակարգ մասնագետ կդառնաք, այլև բազմակողմանի գիտելիք կստանաք ու հիանալի ծանոթություններ կհաստատեք»:

 

Ամբիոնի վարիչը պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես համագործակցել դպրոցի անձնակազմի հետ, օգնել և աջակցել հարկ եղած դեպքում:

 

Խոսելով իրականացված միջոցառման մասին՝ հ. 54 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ բուհ-ավագ դպրոցներ համագործակցությունն ակնհայտորեն արդյունավետ է. «Աշակերտները շփվում են դասախոսների հետ, ծանոթանում են բուհական միջավայրին, կրթական համակարգին»:

 

Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Սոսե Սիմավորյանը, պատմելով իր տպավորությունների մասին, ասաց, որ Մայր բուհում մթնոլորտն իսկապես ուրիշ է. «Այստեղ մեզ շատ լավ դիմավորեցին և մանրամասն ներկայացրին ուսանողական առօրյան: Կարծում եմ՝ այս հանդիպումները շատ օգտակար են, դրանք թույլ են տալիս ամբողջական պատկերացում կազմել բուհական կյանքի մասին, ինչն էլ հետագայում մեզ շատ կօգնի»:

 

 

Նույն օրը համար 159 ավագ դպրոցում դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Հոկտեմբերի 12-ին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը հյուրընկալել էր համար 105 ավագ դպրոցի աշակերտներին, որի շրջանակում նրանց համար ներկայացվեց Նիկոլայ Գոգոլի «Շինել» ստեղծագործությունը:

 

Նույն օրը նույն դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին նաև ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, որտեղ նրանց համար դասախոսություն էր կարդացել դասախոս Անուշ Սեդրակյանը:

 

Հոկտեմբերի 19-ին էլ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր համար 105 ավագ դպրոցի աշակերտներին, որի շրջանակում նրանց համար իրականացվեց նաև դասախոսություն մասնագիտական թեմայով:

 

Նույն օրը ԵՊՀ արևելագիտության և իրավագիտության ֆակուլտետները հյուրընկալել էին Արագածոտնի մարզի Արագածավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին, որի շրջանակում ապագա դիմորդները եղան նաև ԵՊՀ պատմության թանգարանում:

 

Այդ օրը համար 103 ավագ դպրոցում դասախոսությամբ հանդես է եկել նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Տիգրան Գևորգյանը:

 

Հոկտեմբերի 24-ին Մայր բուհը հյուրընկալել էր Արմավիրի մարզի Լուսագյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին, որի շրջանակում ապագա ուսանողները եղան Կենսաբանության ֆակուլտետում, որտեղ նրանց համար կազմակերպվել էին լաբորատոր փորձեր:

 

Նույն օրը ԵՊՀ էին այցելել նաև համար 54 ավագ դպրոցի աշակերտները: Ապագա դիմորդները եղան Քիմիայի ֆակուլտետում, որտեղ նույնպես նրանց համար կազմակերպվեցին լաբորատոր փորձեր:

 

Տեղեկացնենք, որ այցելությունները շարունակական բնույթ են կրելու:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության հանդիպումը Մայր բուհի սոցիոլոգիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանների հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը: