19.04.2011 | 
Կրթություն, Հասարակություն
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ «ԳՐՈՒՄ»
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ «ԳՐՈՒՄ»
Այսօր եւ վաղը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու եւս 7 բուհերի ուսանողներ մասնակցում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը:

Հայաստանի Հանրապետությունում ընթանում է քրեական դատավարության օրենսդրության ստեղծման գործընթաց: Անցած տարվա ապրիլին նախագահի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, իսկ դրա կազմում էլ` աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր օրենսգրքի հայեցակարգը: Իսկ հիմա այդ հայեցակարգի հիման վրա պատրաստվում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը: Աշխատանքային խմբի 4 անդամները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ են: Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն այս օրենսգրքի կարեւորությունն ընդգծելու համար այն համեմատում է ՀՀ ընտրական օրենսգրքի հետ` նշելով, որ իր նշանակությամբ չի զիջում վերջինիս:

 

Նոր օրենսգրքի ստեղծման համար հիմք հանդիսացան հասարակական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի զեկույցը: Արագ արձագանքելով այդ փոփոխություններին` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Քրեական դատավարության արդի հիմնախնդիրները եւ զարգացման միտումները» խորագրով միջբուհական երկօրյա գիտաժողով, որին մասնակցում էին 28 ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից: «Բնականաբար չէինք կարող անմասն մնալ այդ գործընթացներից: Իրավաբանական ամբողջ հասարակությունը քննարկում է այդ թեման:

 

Որոշեցինք մենք էլ մեր առաջարկությունները ներկայացնել այն հույսով, որ դրանք հավանության կարժանանան»,- նշում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Հակոբյանը: Այդպես էլ եղավ: Որոշ զեկույցներ լսելուց հետո գիտաժողովին ներկա աշխատախմբի անդամների մոտ նոր գաղափարներ ծնվեցին օրենսգրքի տարբեր կետերի վերաբերյալ: Դրանցից մեկն առաջարկում էր մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Գեւորգյանը: «Մեր դատավարական օրենսգիրքը անչափահասների վարույթի առումով բավականին թերի է:

 

Եվրոպական շատ երկրներում անչափահասների դատական քննությունը դռնփակ է, մինչդեռ մեզ մոտ հրապարակային է»,- ասում է Գոհարը: «Այս գիտաժողովը շատ լավ ամբիոն է գործող օրենսգրքի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, ապագա նախագծի մասին էլ առաջարկություններ անելու համար»,- կարծում է ֆակուլտետի դեկանը: Նշենք, որ գիտաժողովի ընթացքին հետեւում է ժյուրին, ում գնահատականների հիման վրա էլ կտրվեն մրցանակներ: Մրցանակները 6-ն են, որոնցից 3-ը կտրվի լավագույն զեկույցների հեղինակներին: Ուսանողների համար մրցանակներ են սահմանել նաեւ ֆակուլտետի ՈՒԽ-ն եւ ՈՒԳԸ-ն համատեղ, ՀՀ իրավաբանների ասոցիացիան եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը: Մրցանակները կլինեն ինչպես դրամական, այնպես էլ գրքերի տեսքով: Հաշվի են առնվելու զեկույցի որակը, ներկայացնելու ձեւը եւ հարցերին պատասխանելու հմտությունները: Ավելի հաջողված աշխատանքները կտպագրվեն Իրավագիտության ֆակուլտետի «Պետություն եւ իրավունք» պարբերականում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: