05.12.2008 | 
Հասարակություն
«ՀԱՅԱՆՏԱՌԻՆ» ԼՈՒՐՋ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՊԵՏՔ
«ՀԱՅԱՆՏԱՌԻՆ» ԼՈՒՐՋ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՊԵՏՔ
ԵՊՀ-ում քննարկվեց անտառների պահպանության եւ վերարտադրության ոլորտում արդյունավետ պետական կառավարում իրականացնելու հարցը:

Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, հաշվի առնելով անտառների` որպես առանձնահատուկ բնական օբյեկտների կարեւորությունը եւ յուրաքանչյուրիս առողջ ու բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, կազմակերպել էր հանրային քննարկում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (պետական ոչ առեւտրային կազմակերպություն) կարգավիճակի եւ գործունեության վերաբերյալ: 

Երկար տարիներ է, ինչ «Հայանտառի» կազմակերպա-իրավական ձեւը հստակեցված չէ: Կազմակերպությունը գործել է նախ ՀՀ բնապահպանության, իսկ այժմ ՀՀ գյուղտնտեսության նախարարության կազմում` ունենալով ամենատարբեր կազմակերպա-իրավական ձեւ: Ներկայումս «Հայանտառն» ունի պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ, ինչը, մասնագետների կարծիքով, թույլ չի տալիս արդյունավետ եւ իրավական տեսակետից ճիշտ իրականացնել կառավարման մարմնին վերապահված գործառույթները:

Այս պատճառով էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում ՀՀ անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին նախագիծ:

Հենց այս նախագիծն էին քննարկում Սպառողների միության, ՀՀ գյուղնախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, մի շարք հասարակական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու փորձագետները: 

Մասնագետները տարբեր տեսանկյուններից փորձում էին հիմնավորել կամ մերժել «Հայանտառին» այլ կարգավիճակ տալու առաջարկները: Ոմանք համաձայն էին կազմակերպության` կոմիտե դառնալու առաջարկի հետ, ոմանք առաջ էին քաշում նախարարություն հիմնելու հարցը, իսկ որոշ փորձագետներ էլ ընդհանրապես անիմաստ էին համարում կարգավիճակի փոփոխությունը:

«Մարդիկ պետք է ստիպված չլինեն ծառ կտրել, իսկ «Հայանտառի» աշխատողներն էլ պետք է շահագրգիռ լինեն իրենց աշխատանքը լավ կատարելու համար: Անտառները շարունակվելու են հատվել, եթե մարդը զգում է դրա անհրաժեշտությունը, ի՞նչ կապ ունի, թե ինչ կարգավիճակ դուք ունեք: Իսկ «Հայանտառի» առաջ պետք է կոնկրետ առաջադրանքներ դրվեն, իսկ դրանք լավ չկատարվելու դեպքում պարզապես կհեռացնեն աշխատակիցներին»,- ասում է Սպառողների միության ներկայացուցիչ Աշոտ Միրզոյանը:

Տեսակետները շատ էին, բայց մի բան հստակ էր. «Հայանտառի» կազմակերպա-իրավական կարգավիճակը պետք է, ի վերջո, հստակեցվի: Իսկ թե արդյո՞ք դա կնպաստի կանաչ տարածքների պահպանմանն ուղղված աշխատանքներին, ցույց կտա ժամանակը:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: