29.01.2007 | 
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ուսումնական առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո պարտքեր ունեն բակալավրիատի 4144 (որից 874-ը` առաջին կուրսեցի) եւ մագիստրատուրայի 407 ուսանողներ:

Հունվարի 29-ին` ԵՊՀ ռեկտորատի նիստի ժամանակ, ամփոփվեցին 2006-2007 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները:

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը տվյալները ներկայացնելուց առաջ խոսեց քննաշրջանի ընթացքում տեղ գտած բացթողումների մասին: Զգալի չափով սխալներ են գրանցվել հանրագումարային քննությունների արդյունքները գնահատելու գործընթացում, երբ հաշվի չեն առնվել միջանկյալ քննությունների արդյունքները:

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ միջանկյալ քննություններից 12.5 եւ ավելի միավոր ունեցող ուսանողը արդեն ունի 4 գնահատական եւ 3 ստանալ չի կարող: Իսկ 12.5-ից ցածր միավոր ունեցող ուսանողը հանրագումարային քննության ժամանակ չի կարող հավակնել գերազանց գնահատականի:

«Գրանցվել է հանրագումարային քննության արդյունքի խախտումով գնահատման 44 դեպք, որոնց հիմնական մասը գրանցվել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Սխալներն անհապաղ շտկվել են, իրենց գնահատականի փոփոխության մասին տեղեկացրել ենք նաեւ ուսանողներին»,- ասաց Հրանտ Ժամհարյանը:

Որպես քննաշրջանի բացթողումներ` նշվեցին նաեւ քննական ամփոփագրերը ամբողջությամբ չլրացրած դեկանատներին հանձնելը, ամփոփագրերում ջնջումներով լրացնելը, ինչպես նաեւ միջանկյալ քննություններին չմասնակցած կամ անբավարար միավորներ ստացած ուսանողներին առանց պարտքի մարման գնահատելու մի քանի դեպքերը:

Վերջում Հրանտ Ժամհարյանը առաջարկեց այս քննաշրջանից հետո հեռացման ներկայացնել բակալավրիատի այն ուսանողներին, ովքեր ունեն չհանձնած 3 քննություն եւ 2-4 ստուգարք: Բակալավրիատում սովորող նման ուսանողների թիվն այսօր 303 է: Համալսարանի ղեկավարությունը հաշվի է առնելու նաեւ հարգելի բացակայություններն ու բացառիկ դեպքերը, ուստի հեռացման ներկայացվող ուսանողների վերջնական թիվը դեռ ճշտված չէ:

Մագիստրատուրայի ուսանողները այսուհետ հեռացման կներկայացվեն, եթե չեն ստացել 2 քննություն եւ 1-4 ստուգարք:

Այլ նորություններ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի համագործակցության շրջանակում այսօր օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված իրավաբանական կլինիկական կրթության զարգացմանը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները: