Փետրվարի 21-ին շուրջ 3 տասնյակ ԵՊՀ դասախոսներ Մայրենի լեզվի օրվան նվիրված դասախոսություններ են կարդացել Երեւանի ավագ եւ հիմնական մի շարք դպրոցներում: ԵՊՀ նախաձեռնությամբ իրականացվող ավանդական միջոցառումն այս անգամ աննախադեպ սահմաններ էր ստացել. ԵՊՀ ներկայացուցիչները հասցրել են լինել 25 դպրոցներում:
Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ մասնագետ Սաթենիկ Աբրահամյանը նշում է, որ Մայրենի լեզվի տոնը դպրոցներում արդեն իսկապես տոն է դարձել: Դպրոցների մի մասը նախապես ընտրել էր դասախոսության թեմաները, մյուս մասը մեծ միջոցառում էր կազմակերպել: Ակտիվությամբ չեն զիջել նաեւ ԵՊՀ դասախոսները:
Սաթենիկ Աբրահամյանի խոսքերով` դասախոսները մասնակցում են մեծ հաճույքով, շատերը միանգամից մի քանի դպրոց են այցելում, ոմանք էլ, օրինակ Սերժ Սրապիոնյանը, ակտիվորեն ներգրավվում են նաեւ կազմակերպչական աշխատանքներում: «Այս անգամ դասախոսներին ուղեկցում էին նրանց ասպիրանտները: Ընդհանուր միջոցառմանը միացել էին նաեւ համալսարանական այն ուսանողները, ովքեր այս օրերին պրակտիկա են անցնում դպրոցներում,- ասում է Սաթենիկ Աբրահամյանը եւ ավելացնում,- կարեւորն այն է, որ թե՛ դպրոցականների եւ թե՛ համալսարանականների համար օրն իսկապես տոնական նշանակություն էր ստացել»: