15.11.2019 | 
«ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՄԻԳՈՒՑԵ ՇԱՀԱՎԵՏ ՉԷ, ԲԱՅՑ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է». ԴԱՐԻԳԱ ՆԱԶԱՐԲԱԵՎԱ
«ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՄԻԳՈՒՑԵ ՇԱՀԱՎԵՏ ՉԷ, ԲԱՅՑ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է». ԴԱՐԻԳԱ ՆԱԶԱՐԲԱԵՎԱ
Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում:

Կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանն այսօր ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ինչպես նաև ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Այցելության ընթացքում Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց հայ-ղազախական մշակութային կապերի և լեզվամշակութային առնչությունների պատմությունը՝ շեշտելով հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրությունների կարևորությունը՝ թյուրքական լեզուների, մասնավորապես ղազախերենի պատմության ուսումնասիրության տեսանկյունից:

 

«Այս ամսվա վերջին լույս կտեսնի նաև ղազախական գրականության հիմնարար անթոլոգիան,- նշեց Ալեքսանդր Սաֆարյանը,- որը ԵՊՀ-ի, ԳԱԱ գրականության ինստիտուտի և Հայաստանում Ղազախստանի դեսպանության համատեղ արդյունավետ աշխատանքի վառ ապացույցն է»:

Վերջինս նաև փաստեց, որ տասնամյակներ առաջ հայ-ղազախական գրականության թարգմանության ակունքներում կանգնած են եղել  հայ դասականները՝ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը և Պարույր Սևակը:

Նոր անթոլոգիայում առաջին անգամ հայերեն թարգմանաբար կներկայացվեն Շաքարիմի, Մաղժան Ժումաբաևի, նաև ժամանակակից ղազախ հեղինակների ստեղծագործություններ:

  

Ալեքսանդր Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությանը՝ ցուցաբերած աջակցության համար:

Այնուհետև ուսանողներին ողջունեց  Դարիգա Նազարբաևան, որը նրանց հաջողություն մաղթեց ուսումնական գործընթացում և կոչ արեց գիտական ակտիվ գործունեություն ծավալել. «Գիտությամբ զբաղվելը միգուցե այդքան շահավետ չէ, բայց շատ հետաքրքիր է, վստահ եմ, որ ձեզ համար շատ բաներ կբացահայտեք»:

Դարիգա Նազարբաևան խորհուրդ տվեց սովորել ղազախերեն և որքան հնարավոր է հաճախ այցելել Ղազախստան. «Պետք է նշեմ, որ մեր երկրի համալսարաններն ակտիվ համագործակցում են միջազգային մեր գործընկերների հետ, և մեզ համար միշտ հաճելի է տեսնել օտարերկրացի ուսանողների մեր համալսարաններում»:

Դարիգա Նազարբաևան ուսանողներին պատմեց նաև Ղազախստանի հայ համայնքի ստեղծագործ գործունեության մասին՝ ասելով, որ հայերը Ղազախստանում միշտ էլ լավ են ապրել, ծնունդ են տվել հայ համայնքին, ինչը ևս մեկ պատճառ է հայ ուսանողի համար այցելել Ղազախստան և սովորել այնտեղի բուհերից մեկում:

Վերջում Դարիգա Նազարբաևան խոստացավ համակողմանիորեն աջակցել ԵՊՀ-ի և Աստանայի Ն. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի թյուրքագետների միջև համագործակցության ծրագրերին: