16.01.2020 | 
Կրթություն
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
 «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երևանի և Սան Խոսեի պետական համալսարանների 2019 թվականին ձեռք բերված համագործակցության շնորհիվ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանող 2020 թ. սեպտեմբերից կշարունակեն ուսումն ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրում։ Համագործակցության, նպատակների ու հետագա գործունեության մասին ysu.am-ը զրուցել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ընտրական փուլ հասած ուսանողներից մի քանիսի հետ։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» և ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրերը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին՝ նախաձեռնված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC), Երևանի պետական համալսարանի, Սան Խոսեի պետական համալսարանի կողմից՝ «PMI Science»-ի աջակցությամբ։

«Ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանողներ ուսումնառության ավարտին ստանալու են և՛ ԵՊՀ-ի, և՛ Սան Խոսեի համալսարանի կրկնակի դիպլոմ»,- մեզ հետ զրույցում ասաց «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը։



Նա պատմեց, որ բացի այս ամենից՝ ուսանողները հնարավորություն կունենան անցնելու 2 տարվա վարձատրվող պրակտիկա Սիլիկոնյան հովտի այն բազմաթիվ հաստատություններից մեկում, որոնց հետ Սան Խոսեի պետական համալսարանն ունի աշխատանքային պայմանագրեր։

Նշենք, որ ծրագրի ավարտին հայ ուսանողները պետք է վերադառնան Հայաստան՝ մասնակցելու ԵՊՀ-ի և Սան Խոսեի համալսարանի համատեղ հետազոտական աշխատանքներին:

Ռ. Գևորգյանը, խոսելով ուսանողների ընտրության մասին, ասաց, որ նրանք ընտրվում են փուլ առ փուլ. «Այս տարի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն ուներ 13 ուսանող, որոնցից վերջնական փուլ են անցել 6 ուսանողներ։ Այդ ուսանողներից նախատեսված քննությունները բարեհաջող հանձնած 2-ից 4-ը միայն կմեկնեն Սան Խոսե»։



Այն հարցին՝ արդյո՞ք նմանաբնույթ համագործակցություն ուրիշ բուհերի հետ սպասվում է, թե ոչ, ծրագրի ղեկավարը պատասխանեց. «Այո՛, իհարկե։ Որոշ բանակցություններ արդեն իսկ սկսվել են, սակայն քանի որ դրանք նախնական փուլում են, դեռ հայտարարություն չկա»։

Մեզ հետ զրույցում վերջնական փուլ անցած 6 ուսանողներից Մհեր Մանասյանն ասաց, որ ծրագրից փորձում է քաղել այն ամենը, ինչ հնարավոր է. «Չգիտեմ՝ ես Սան Խոսե գնացողների թվում կլինեմ, թե ոչ, բայց սա ինձ համար լավ փորձառություն կլինի»։



«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մյուս անդամները նույնպես նշեցին, որ Սան Խոսեում կրթություն ստանալուց հետո պատրաստվում են շարունակել գործունեությունը հենց այս ոլորտում։

Նշենք, որ ծրագրի համար ընտրված մասնակիցների անունները պարզ կլինեն ապրիլին։


Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։