ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորական խոսք հղելով շրջանավարտներին, ընդգծեց մագիստրոսական ծրագրի կարևորությունը. ««Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրապես տալիս է այնպիսի կրթություն, որն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունի: Երևանի պետական համալսարանը բարձր նշաձող է սահմանել՝ շարունակելով կրթության և գիտության ոլորտների զարգացմանն ուղղված համագործակցությունները»։
Անդրադառնալով «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ)՝ գիտության առաջընթացի հարցում ցուցաբերած մեծ աջակցությանը՝ ԵՊՀ ռեկտորը կարևորեց նաև, որ հիմնադրամի տնօրենը հետևողական է եղել, որ մագիստրոսական ծրագիրը լավագույնս կայանա:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, խոսելով տվյալագիտության՝ որպես միջդիսցիպլինար գիտության մասին, փաստեց. «Մենք, կարելի է ասել, կամուրջ ենք ստեղծում տարբեր ֆակուլտետների միջև: Բացի դրանից՝ Սան Խոսեի համալսարանը, որն աշխարհում առաջատարներից է, մեր կայուն գործընկերն է: Կարևոր է, որ դասընթացները լիովին համապատասխանում են Սան Խոսեի համալսարանում իրականացվող դասընթացներին: Սա նաև նշանակալի դեր ունի ԵՊՀ-ի իմիջի ձևավորման և միջազգային հարթակներում բարձր դիրք գրավելու տեսանկյունից»:
«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» (ISTC) հիմնադիր տնօրեն Արեգ Գևորգյանը, անդրադառնալով մագիստրոսական ծրագրին և դրա ընձեռած հնարավորություններին, ընդգծեց․ «Շատ ուրախ եմ, որ կարողանում ենք նախապատրաստել ոլորտում իրենց կարևոր տեղն ունեցող մասնագետների: Մագիստրոսական այս ծրագրին հիմնականում դիմում են այն մարդիկ, ովքեր ունեն վերապրոֆիլավորման ցանկություն։ Ծրագրին դիմողները, օրինակ, բանկի աշխատակիցներ են, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները տվյալագիտությունից: Մագիստրոսական այս ծրագրում բանկային ոլորտի մասնագետների սովորելն առհասարակ չափազանց խրախուսվում է: Կարելի է ասել, այստեղ ձևավորվում է լիդերների խումբ, որը հետագայում մեծ հաջողություններ է գրանցում ոլորտում»։
«PMI Science»-ի «R&D» կենտրոնի նորարարության և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը, անդրադառնալով կենտրոնի կողմից ծրագրին տրամադրվող աջակցությանը, ասաց․ «Շրջանավարտների դիպլոմները նոր հաջողությունների այցեքարտ են։ Մագիստրոսական այս ծրագիրը տարեցտարի զարգանում է, և ես շատ հպարտ եմ, որ մեր ընկերությունն այս հիանալի նախաձեռնության մասն է կազմում»։
Մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը կարևորեց, որ ծրագրի շրջանավարտները հեշտությամբ կարողանում են աշխատանք գտնել:
«Այս տարի ծրագիրն ուներ տասնինը շրջանավարտ, սակայն դիմել էին ավելի քան երեսունհինգ ուսանող: Ըստ էության, երբեմն դիմում են նաև հումանիտար ֆակուլտետների ուսանողներ, որոնց համար ծրագրում սովորելը բարդ է: Հատկանշական է, որ ծրագրին դիմած գրեթե բոլոր ուսանողներն աշխատում են մասնագիտությամբ»,- ասաց Ռ․ Գևորգյանը:
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լուսինե Ղազարյանը, խոսելով ծրագրի ընձեռած հնարավորություններից, ասաց. «Այստեղ մասնագիտական նոր հմտություններ ենք ձեռք բերել՝ սովորելով ծրագրավորման չորս լեզուներ, որոնք շատ պահանջված և կարևոր են աշխատաշուկայում։ Հատկանշական է, որ դասավանդող մասնագետները, վստահ կարող եմ ասել, ոլորտում լավագույնն են»:
«Մագիստրատուրայի առաջին իսկ տարվանից ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու, քանի որ տվյալագիտությունը մեծ պահանջարկ ունի։ Պարզապես պետք է կողմնորոշվել, թե որ ուղղությամբ ես ցանկանում մասնագիտանալ և աշխատել, քանի որ այն ծավալուն գիտություն է, և համալսարանում համակողմանի ենք ուսումնասիրում այդ գիտությունը»,- ասաց մագիստրոսական ծրագրի մեկ այլ շրջանավարտ՝ Մարիանա Ղազարյանը:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև «PMI Science»-ի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և հրավիրյալ այլ անձինք։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։