01.09.2017 | 
Կրթություն
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Մայր բուհը գրկաբաց սպասում է իր հին ու նոր համալսարանականներին:

Սեպտեմբերի 1-ին ամբողջ հանրապետությունում նշվում է նոր ուսումնական տարվա առաջին օրը, որը 1984 թվականից հաստատվել է որպես պետական տոն ու կոչվել Գիտելիքի և դպրության օր:

 

Այսօր հանրապետության կրթական բոլոր հաստատություններն իրենց հյուրընկալ կամարների ներքո կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկն ավելի տոնական ու գեղեցիկ դարձնելու համար:

 

 

Միջոցառումներից անմասն չի մնում նաև Մայր բուհը: ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում առաջին կուրսեցիների համար կազմակերպվել են միջոցառումներ և հանդիպումներ դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, ովքեր ծանոթացնում են ուսումնական գործընթացին, ուսանողական կյանքի առանձհատկություններին և Մայր բուհի առաքելությանը՝ լուսավորել դեպի մեծ կյանք տանող ճանապարհը:

 

 

Տոնական օրվա կապակցությամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր շնորհավորական խոսքն է ասել բոլոր ժամանակների համալսարանականներին, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Սեպտեմբերի 1-ը մեծ տոն է բոլորիս համար, տարբեր տարիների համալսարանականների՝ թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի և թե՛ ուսանողների համար: Տոն է, որովհետև նախ մենք ընդունում ենք առաջին կուրսեցիներին, համալսարանականների շարքերը գալիս են համալրելու երեկվա դպրոցականները, համալսարանական ուսանողության նոր սերունդը, որի հետ մենք միշտապես մեծ հույսեր ենք կապում, և բացի այդ՝ ամառվա արձակուրդներից հետո մեր աշխատանքն ու համալսարանը կարոտած՝ մենք վերադառնում ենք Մայր օջախ, և հուսով եմ, որ շատ-շատերը նոր ավյունով ու նոր եռանդով լծվում են աշխատանքի:

 

Ես նախևառաջ մեր ուսանողությանն ուզում եմ ցանկանալ նպատակասլացություն, որպեսզի ստանալով բավարար չափով գիտելիքներ, ձեռք բերելով հմտություններ և կարողություններ՝ համալսարանն ավարտելուց հետո կարողանան տնօրինել իրենց ճակատագիրը, հարմարավետ ապրելակերպ ապահովեն, փնտրեն ու գտնեն լավ աշխատանք, իրենց մասնագիտական ունակությունները ներդնեն՝ ապացուցելով հասարակությանը, գործատուին, իրենք իրենց, որ համալսարանում անցկացրած տարիներն իզուր չեն եղել:

 

Եվ, անշուշտ, ուզում եմ ցանկանալ մեր ուսանողությանը, որ ոչ մի րոպե չկորցնեն համալսարանում, ամբողջովին տրվեն կրթվելու հիրավի մեծ ու պատասխանատու գործին, որովհետև այդ տարիներն այլևս չեն կրկնվելու: Ես կուզենայի, որ մեր ուսանողները սա լավ ընկալեին. լինել համալսարանական չի նշանակում զուտ մեխանիկական ձևով սերտել գրքերը կամ դասախոսությունները, այլ պետք է աշխատել ուսանողական լիաթոք կյանքով ապրել:

 

Հորդորում եմ մեր ուսանողներին, որ համալսարանում անցկացրած տարիներն օգտագործեն՝ ոչ միայն հարստացնելով իրենց մասնագիտական գիտելիքները, այլև դառնան լավ քաղաքացի, հասարակությանը պետքական մարդ, մեկը, ով ոչ միայն իր կյանքի, այլև երկրի ու ժողովրդի հետագա գոյատևման, զարգացման համար պատասխանատվությունն է իր ուսերին վերցնելու:

 

Շնորհավորելով բոլոր համալսարանականներին՝ ուզում եմ նորից շեշտել, որ համալսարանում սովորելը մեծ պատիվ է, երջանկություն, որ լինել համալսարանական նշանակում է լինել մեր կյանքի առաջամարտիկ, հասարակության, ժողովրդի ու մեր երկրի ամենազարգացած և ամենաբանիմաց մարդկանց շարքում»:       

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: