04.06.2018 | 
Քաղաքականություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐԱԸՆՏՐՎԵՑ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐԱԸՆՏՐՎԵՑ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը 23 կողմ 0 դեմ ձայներով վերընտրվեց ֆակուլտետի դեկան:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգային հարցերի շարքում  ընդգրկված դեկանի ընտրությանը մասնակցում էին ֆակուլտետի գիտխորհրդի 24 անդամներից 23-ը: Բոլոր ամբիոնների կողմից էլ ֆակուլտետի դեկանի թեկնածու էր ներկայացվել գործող դեկան Արթուր Մկրտիչյանը:

 

Ընտրությանը, բացի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից և ուսանողներից,  ներկա էր նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:

 

Արթուր Մկրտիչյանը գործընկերներին նախ ներկայացրեց իր ծրագրային ելույթի այն հիմնական դրույթներն ու առանցքային խնդիրները, որոնց ուղղությամբ ծրագրվում է հետևողական աշխատանքներ իրականացվել:

 

Բանախոսը նշեց, որ ծրագիրը կառուցվել է գիտխորհրդի կողմից արդեն իսկ հաստատված և բոլորին ծանոթ ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագրի հիման վրա, ուստի ընդգծեց մի քանի առավել կարևոր ուղղություններ:

 

«Ֆակուլտետի ռազմավարական նպատակներից էր ապահովել շուրջ 300 մլն դրամի ֆինանսական հոսք, որն արդեն հաղթահարված է: Սակայն այսօր  դիմորդների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Այս տարվա տվյալներով Սոցիոլոգիայի ֆակուլտետի դիմորդների թիվը մոտավորապես 10 տոկոսով կրճատվել է, ինչը նշանակում է ֆինանսական մուտքերի նվազում: Այդ նպատակով պետք է ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ համալսարանականներին ակտիվ ներգրավվելով դրամաշնորհային ծրագրերում: Պետք է շարունակել ֆակուլտետում վճարովի կրթական ծառայությունների մատուցման քաղաքականությունը՝ կիրառելով նոր տեխնոլոգիաների և համապատասխանելով միջազգային արդի չափանիշներին»,- իր ծրագրային ելույթում նշեց Ա. Մկրտիչյանը և հավելեց, որ ուսանողների թվի աճ ապահովելու գործընթացում նախատեսվում է ակտիվորեն ներգրավվել շրջանավարտներին, ինչպես նաև շարունակական աշխատանք տանել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման և ուսանողների՝ գիտահետազոտական աշխատանքներում բարձր ներգրավվածություն ապահովելու ուղղությամբ:

 

Արթուր Մկրտիչյանը ընդգծեց նաև, որ ԵՊՀ 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում Սոցիոլոգիայի ֆակուլտետը Մայր բուհի վերաբերյալ հանրության վերաբերմունքն ու գնահատականը պարզելու նպատակով նախատեսում է իրականացնել հետազոտություն, որի արդյունքների հիման վրա էլ ֆակուլտետը հանդես կգա բուհի վարկանիշի բարձրացմանը նպաստող նոր առաջարկություններով:

 

Ֆակուլտետի գործող դեկանի աշխատանքի, ինչպես նաև մարդկային հատկանիշների մասին խոսեցին ամբիոնի վարիչները, դասախոսներն ու ուսանողները:

 

«Արթուր Մկրտիչյանի պաշտոնավարման ընթացքում ֆակուլտետում բավականին ակտիվ գիտահետազոտական գործունեություն է ծավալվել, մի շարք միջազգային ծրագրեր են իրականացվել և շարունակվում են իրականացվել: Բոլոր գործընթացներում ուսանողները ներգրավված են, քանի որ Սոցիոլոգիայի ֆակուլտետում ուսանողը դասախոսի գործընկերն է: Այս մշակույթն ամրապնդվել է նաև պրոֆեսոր Մկրտիչյանի շնորհիվ»,- նշեց Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

 

Քվեարկության արդյունքների ամփոփման ավարտին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը շնորհավորեց նորընտիր դեկանին, ինչպես նաև ֆակուլտետի բոլոր ներկայացուցիչներին ֆակուլտետում ջերմ, բարեկամական և միաժամանակ գործնական մթնոլորտ ստեղծելու համար:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: