20.07.2018 | 
Հասարակություն
«ԼԱՎԱՇԻ ԱՆՈՒՇ ՀՈՏԸ ԶԳԱԼԻՍ ՄՏՈՎԻ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«ԼԱՎԱՇԻ ԱՆՈՒՇ ՀՈՏԸ ԶԳԱԼԻՍ ՄՏՈՎԻ  ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բազմաթիվ պարգևների և հուշամեդալների արժանացած, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Կենսաբանության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը ծնվել է Երևանում` մտավորականի ընտանիքում:

Հայրը՝ Սոս Գևորգյանը, եղել է կուսակցական աշխատող, աշխատել է ԳԱԱ-ում` որպես հրատարակչության տնօրեն, եղել է մշակույթի վաստակավոր գործիչ:


Մայրը՝ Շուշանիկ Նազարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ, մեկ տասնյակից ավելի մենագրությունների և ավելի քան 80 գիտական հոդվածների հեղինակ է. «Ի սկզբանե պարզ է եղել, որ մտավորականի ընտանիքում ծնված երեխան պետք է բարեկեցիկ մանկություն ունենա»,- ասում է դեկանը:


Գևորգյանը տեղեկացնում է՝  թե՛ հայրական, թե՛ մայրական արմատները եկել են Խոյի նահանգից: Հոր նախնիները հաստատվել են Գեղարքունիքի մարզում, իսկ մոր նախնիները՝ Էջմիածնում ու Աշտարակում: Հայրը ծնվել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում, որը նախկինում կոչվել է Դալիղարդաշ և նշանակել է «հիմար եղբայր-ընկեր». «Հայրս պատմում էր, որ երբ իր տատը վիճում էր  պապի հետ, նրան անվանում էր «գիժ խոյեցի»»:


Խոսելով  Գևորգյան ազգանվան մասին՝ դեկանը նշում է, որ իրեն կոչել են ի պատիվ հայրական պապի. «Սարուխանում մեր ազգակիցները հայտնի են Աբրահամյան ազգանվամբ: Հայրս շատ էր սիրում իր Գևորգ պապին և մեզ համար ազգանուն ընտրեց Գևորգյանը»:

 

Դեկանը կարոտով ու երախտագիտությամբ հիշում է նաև մորական տատին. «Ինձ պահում էր մորական տատս: Ես մինչև հիմա հիշում եմ տատիս եփած անմահական համ ունեցող խավիծը: Իմ մանկության թանկ հուշերը կապված են նրա հետ»:

Մանկության սիրելի խավիծից զատ՝ դեկանը հիշում է լավաշի համն ու հոտը. «Լավաշի անուշ հոտը զգալիս մտովի  տեղափոխվում եմ մանկություն»:


Պրոֆեսորը նշում է, որ մայրն առանց երկմտելու իրեն սովորելու է ուղարկել  հայկական դպրոցում: «Ռուսական դպրոցներում սովորողների թիվն ավելի մեծ էր, քան հայկական դպրոցներում: Այնտեղ սովորում էին մտավորականների և ավելի բարձր խավի երեխաները: Իմ ընկերները ևս հաճախեցին Պուշկինի անվան ռուսական դպրոց, իսկ ես հաճախեցի այժմյան Նիկոլ Աղբալյանի անվան հայկական դպրոցը»,- պատմում է դեկանն ու հավելում. «Ես շատ երջանիկ եմ, որ հաճախել եմ հայկական դպրոց  ու վստահորեն կարող եմ ասել, որ շատ լավ կրթություն եմ ստացել»:


Գևորգյանը հիշում է, որ ամառային արձակուրդներն անցկացնում էր գյուղում, և դա հնարավորություն էր տալիս  յուրացնելու Սարուխանի բարբառը. «Շուկայում շատ հաճախ  հանդիպում եմ գավառցիներին և որևէ բան գնելիս խոսում եմ մեր բարբառով։ Նրանք, իհարկե, զարմանում և հարցնում են ՝ գիտեմ Գավառը, իսկ ես պատասխանում եմ`«գիդում եմ» »,- ծիծաղելով պատմում է նա:


Դեկանը վստահեցնում է, որ իր գերդաստանին բնորոշ ազնվությունն ու արդարամտությունը փոխանցվում են նաև իր սերունդներին:

 Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԱՐԱ ԳԱԲՈՒԶՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի շրջանակում այսօր ուսանողների հարցերին պատասխանեց Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը:
«ԻՆՉՊԵ՞Ս Է ԽՈՍՔԸ ՓՈԽՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները «Քաղաքական PR» առարկայի շրջանակում հյուրընկալեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին: