31.01.2019 | 
Քաղաքականություն
«ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ՁԵՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ». ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
«ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ՁԵՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ». ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը և Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանն այսօր այցելեցին Երևանի թիվ 198 ավագ դպրոց:

Գագիկ Ղազինյանը դպրոցի հումանիտար հոսքի 12-րդ դասարանի աշակերտներին նախ ներկայացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատմությունը, խոսեց ԵՊՀ կառուցվածքի և ներկայիս գործունեության մասին. « Իմ խոսքը  չհամարեք բուհի կամ ֆակուլտետի գովազդ: ԵՊՀ-ն գովազդի կարիք չունի. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»։  

 

Խոսելով իրավագիտության մասնագիտության և բովանդակալից այլ հարցերի մասին՝ Ղազինյանը նշեց, որ իրավագիտությունը համարվում է էլիտար մասնագիտություն. «Էլիտարությունը որոշվում է հասարակության պահանջով: Իրավագետի մասնագիտությունը պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլև  ամբողջ աշխարհում. էլիտար մասնագիտություններ են  նաև տնտեսագիտությունը և բժշկագիտությունը»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը,կարևորելով ու արժևորելով բարձրագույն կրթության դերը, մանրամասնեց, թե ինչպես է ԵՊՀ-ում կազմակերպվում բարձրագույն կրթությունը, անդրադարձավ բուհի կրթական ակադեմիական միջավայրին, խոսեց նաև բուհում գործող ուսանողական կառույցների գործունեության մասին` ինչպես նաև հիշատակեց օրեր առաջ  ԵՊՀ-ի և  Նոթինգհեմի Թրենթ համալսարանի  միջև կնքված փոխըմբռնման հուշագրի մասին:

 

Ղազինյանը  կոչ արեց աշակերտներին լինել արդարամիտ ՝ անկախ ընտրած մասնագիտությունից. «Եղե՛ք ու դատե՛ք արդարամիտ՝ ցանկացած իրավիճակում ու անկախ մասնագիտությունից: Արդարամտությունը թող լինի ձեր այցեքարտը»:

Հանդիպման ընթացքում Գագիկ Ղազինյանն աշակերտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձավ վերջիններիս հուզող հարցերին, որոնք վերաբերում էին մասնագիտական կողմնորոշմանը,  բուհի ընդունելության ընթացակարգին, ինչպես նաև համալսարանն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հնարավորություններին:

 

Աշակերտների մի մասը որոշել էր դիմել հենց ԵՊՀ, ինչպես նաև կողմնորոշված էր մասնագիտության  հարցում:

 

Երևանի թիվ 198 ավագ դպրոց 12-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Մուրադյանը, մինչև համալսարանականների այցելությունը, երկմտում էր,  բայց այժմ հստակ գիտի՝ դիմելու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:

 «Այս այցելության շնորհիվ ես ստացա ինձ հուզող հարցերի պատասխանները,- ասաց աշակերտուհին և անկեղծացավ:- Ես դեռ չէի հանդիպել Գագիկ Ղազինյանի նման մասնագետի, որի հետ կարելի է անվերջ խոսել և իրենից այդքան բան սովորել»:

 

Իսկ իրավաբանների ընտանիքում ծնված Վրույր Ասլանյանը որոշել է, որ շարունակելու է ծնողների գործը: Այցելությունից հետո նա վստահ ասաց, որ գիտելիքների իր պաշարը  հարստացնելու  միակ տարբերակը ԵՊՀ-ն է:


 

Հանդիպման ավարտին համալսարանականներն աշակերտներին հանձնեցին Իրավագիտության  ֆակուլտետի գործունեության  մասին պատմող սկավառակներ, ուղեցույցներ և գրքեր:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը նշեց, որ իրենց վարչության կողմից կազմակերպվող ավագ դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Սանթրոսյանը հավաստիացրեց, որ ԵՊՀ դասախոսների այցելություններն ավագ դպրոցներ, ինչպես նաև աշակերտների  հյուրընկալությունները ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդն ընդունում է հետևյալ հայտարարությունը.
«ՀՈՒՅԶԸ ՉԻ ՃՄԼՎՈՒՄ, ՍԻՐՏՆ Է ՃՄԼՎՈՒՄ, ՊԱՐՈ՛Ն ՆԱԽԱՐԱՐ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դալիճում այսօր տեղի ունեցավ գիտխորհրդի նիստը, որի ընթացքում Արամ Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությանը և ՀՀ ԿԳ նախարարի՝ «Facebook» սոցիալական կայքի միջոցով արված ելույթին: