20.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվեց բանավեճի ակումբային առաջնության ևս մեկ մրցախաղ՝ «ՀՀ-ում ընտրական իրավունքի ցենզը պետք է բարձրացվի» թեմայով, որի նպատակն էր զարգացնել ուսանողների բանավիճելու հմտությունները և ձևավորել մասնագիտական բանավիճող կայուն համայնք:

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն մասնագիտական բանավեճի ակումբի շրջանակում արդեն մի քանի տարի է՝ իրականացնում է մասնագիտական թեմաներով բանավեճեր։ Ակումբի գործունեությունն ընթանում է երկու փուլով: Առաջին փուլում անցկացվում են դասընթացներ, իսկ երկրորդ փուլում դասընթացներին մասնակցած ուսանողները բաժանվում են թիմերի, և սկսվում է առաջնությունը։ Միմյանց դեմ պայքարում էին «ՌԱՖ» և «Մայնդֆուլ» թիմերը, որոնց անդամներն առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներ էին։

 

 

Ժյուրիի կազմում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական ամբիոնի դասախոս Սոսե Բարսեղյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը, ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբի ղեկավար Դավիթ Թովմասյանը։

 

Ըստ Դ. Թովմասյանի՝ այս պահին ֆակուլտետի բանավեճի ակումբն ուսուցողական ֆորմատով է աշխատում. իրավագետների համար մասնագիտական տեսանկյունից շատ կարևոր է հանրային խոսքի և բանավիճելու հմտությունները զարգացնելը:

 

 

«Հետագայում նպատակ ունենք կազմակերպելու միջֆակուլտետային և միջբուհական առաջնություններ։ Ներֆակուլտետային առաջնությունում իրենց լավագույնս դրսևորած ուսանողները հնարավորություն կունենան հետագա առաջնություններում հանդես գալու ֆակուլտետի անունից»,- նշեց Դավիթ Թովմասյանը:

 

Բանավեճի թեման վերաբերում էր անձի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի՝ օրենքով սահմանված տարիքին (հանրաքվեների համար՝ 16 տարեկան, ընտրությունների համար՝ 18 տարեկան):

 

«Ըստ տարածված մի տեսակետի՝ միայն 18 տարին լրացած լինելու փաստը դեռևս չի նշանակում, որ անձը գաղափարապես հասունացած է և գիտակցում է աշխարհաքաղաքական ու ընդհանրապես քաղաքական իրադրությունը, ազգային, պետական շահերը և կարող է ընտրություն կատարել՝ հօգուտ ազգային շահերի»,- ընդգծեց Դ. Թովմասյանը:

 

Նշենք, որ ակումբում կա 8 թիմ: Առաջնությանն այսօր մասնակցած 2 թիմերը թեմային ծանոթացել էին խաղից 4 օր առաջ: Խաղն անցավ թեժ և լարված մթնոլորտում։ Արդյունքում հաղթանակ տարավ «ՌԱՖ» թիմը:

 

 

Այլ նորություններ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՅՍ ՈՒՍՏԱՐՎԱ ԳԽ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով։ Նիստի ընթացքում հաստատվեցին ներկայացված նախագծերն ու հարցերը, ինչպես նաև հնչեցին ու քննարկվեցին նոր առաջարկներ։
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ: