13.12.2018 | 
Ուսանողական
«ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ - 2018»-Ի ՀԱՂԹՈՂԸ «ԳԱԼԱԿՏԻԿՈՍ» ԹԻՄՆ Է
«ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ - 2018»-Ի ՀԱՂԹՈՂԸ «ԳԱԼԱԿՏԻԿՈՍ» ԹԻՄՆ Է
Այսօր ԵՊՀ Մշակույթի կենտրոնում ամփոփվեց «Բանավեճի առաջնություն- 2018»-ը:

Տեղեկացնենք, որ միջֆակուլտետային բանավեճի առաջնության կազմակերպիչը ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի բանավեճի ակումբն է:

Միջֆակուլտետային թեժ և լարված պայքարից հետո եզրափակիչ փուլում մրցում էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ներկայացնող «Լեգատի» և Իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող «Գալակտիկոս» թիմերը:

Բանավեճի առանցքում «Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պետական բուհերի կառավարման խորհուրդներում պետք է արգելվի» թեման էր:

Եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, հասարակական- քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը:

Բանավեճի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, որից հետո բանավեճի թեմային կողմ «Գալակտիկոս» թիմը ներկայացրեց կառուցողական իր դիրքորոշումը:

«Բարձրագույն և հետբուհական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունը անխուսափելի է, սակայն դրա իրականացման համար բավարար ենք համարում ՀՀ ԿԳՆ գործունեությունը»,- փաստեցին թիմի անդամները:

Նրանց դիրքորոշմամբ, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայությունը պետական բուհերի կառավարման խորհուրդներում ավելորդություն է: Այն հղի է ռիսկային և անտրամաբանական լուծումներով:

Ի հակադրումն վերոնշյալ դիրքորոշումների՝ «Լեգատի» թիմը հանդես եկավ կառուցողական ելույթով, որի առանցքում «Արգելել նշանակում է պարտադրել» գաղափարախոսությունն էր:

«Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայության արգելքը պետական բուհերի կառավարման խորհուրդներում զրկում է բուհին ինքնավարությունից»,- նշեցին թիմի անդամները:

Նրանց խոսքով, արգելքը արհեստական պատնեշ է բուհի և պետության միջև: 

Թեժ և հետաքրքիր քննարկումից հետո ժյուրիի անդամները կիսվեցին տպավորություններով, ինչպես նաև հանդես եկան որոշակի նկատառումներով:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նշեց, որ պետական բուհերին անդրադառնալիս չպետք է սահմանափակվել միայն Երևանի պետական համալսարանով: 

Եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց «Գալակիտիկոս» թիմը: Առաջնության հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով:

Նրանց փաստարկները, խոսքի արտահայտչականությունը, բանավեճը վարելու հմտությունները, ճկունությունը և ժամանակի տնօրինումը տպավորեցին ժյուրիի անդամներին:

Մասնակիցները ստացան նաև հավաստագրեր և նվերներ:


Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից: