23.06.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԿԱՊԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԵՏ
ԵՊՀ-Ն ԿԱՊԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԵՏ
Հունիսի 23-ին ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն ընդունեց Ինդոնեզիայի պատվիրակությանը:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի հյուրն էր ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Յուդի Քրիսնանդին:

 

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ով դեսպանին և պատվիրակության անդամներին ներկայացրեց ԵՊՀ միջազգային կապերը, կրթական և գիտահետազոտական ծրագրերը, բուհի զարգացման հիմնական ուղղությունները:

 

«Ուրախ ենք, որ Ինդոնեզիայի Հանրապետությունը հետաքրքրված է ՀՀ կրթական ոլորտով, մասնավորապես Մայր բուհով: Մենք պատրաստակամ ենք համագործակցություն ծավալելու ինդոնեզական բուհերի հետ, իրականացնելու կրթական, գիտական և, ինչու ոչ, նաև ուսանողների փոխանակման ծրագրեր ու փոխայցելություններ»,- նշեց պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Դեսպան Յուդի Քրիսնանդին էլ հավելեց, որ տեղեկատվությունը կփոխանցվի Ինդոնեզիայի կրթության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության և համատեղ ծրագրերի իրականացման համար:

 

«Ես վստահ եմ, որ մոտ ապագայում՝ որոշ հարցեր հստակեցնելուց հետո, հայ ուսանողները հնարավորություն կունենան կրթություն ստանալու ինդոնեզական լավագույն համալսարաններում»,- ասաց դեսպանը:

 

Կողմերը նշեցին, որ երկու երկրների բուհերն էլ համագործակցության լայն շրջանակ ունեն, սակայն համաձայնություն ձեռք բերեցին փոխգործակցությունը սկսել ֆարմացիայի ոլորտից` համատեղելով մի շարք ուղղություններ՝ակադեմիական կրթութուն, գիտական հետազոտություն և արտադրություն:

 

«Ֆարմացիայի բնագավառն իր բոլոր ճյուղերով՝ կրթություն, արտադրություն, հետազոտություն, զարգացման լուրջ հեռանկարներ ունի ամբողջ աշխարհում: Ուրախ ենք, որ Երևանի պետական համալսարանն այդ ոլորտում նույնպես ամուր հիմքեր ու զարգացման միտումներ ունի: Կարծում եմ՝ մեր ուսանողները կկարողանան ուսումնասիրել հայկական փորձն ու նոր գիտելիքներ ստանալ»,- հավելեց պրոֆեսոր Յուդի Քրիսնանդին: 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՏՐՈՄՍՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Նորվեգիայի արկտիկական համալսարանից (Տրոմսո) ժամանած պատվիրակությանը:
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 13-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած խորհրդակցությունը ղեկավարում էր ռեկտոր Արամ Սիմոնյանը: